ՀՀ-ն պատրաստ է մարդասիրական բնույթի հարցերի շուրջ միջազգային գործընկերների հետ շարունակել գործակցել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Հունիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (IFRC) Հարավային Կովկասի երկրների կլաստերային պատվիրակության ղեկավար Սոնյա Վերոնիկա Բյորկլունդի հետ:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի միջև համագործակցության կարևորությունը, մասնավորապես՝ տարածաշրջանի առջև ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում: Մտքեր են փոխանակվել հումանիտար խնդիրների հասցեագրմանն ուղղված ընթացիկ ծրագրերի և հետագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ։
ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ մարդասիրական բնույթի հարցերի շուրջ միջազգային գործընկերների և հումանիտար կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման և խորացման հարցում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքներին՝ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը՝ ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների հասցեագրմանը, և ընդգծել այս հարցում միջազգային աջակցության շարունակականության կարևորությունը:
–00—ՍՊ