Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խոսել է Հայաստան–Վրաստան վերջին տարիների հարաբերությունների մասին

19/06/2025 18:53 Ներքին կյանք

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով հայ-վրացական փորձագիտական 2-րդ համաժողովին:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խոսել է Հայաստան–Վրաստան վերջին տարիների հարաբերությունների մասին և գոհունակությամբ արձանագրել, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են: «Անցած տարի Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության հռչակագիրը։ Սա ցույց է տալիս, որ մեր հարաբերություններն իրենց զարգացման առումով այլ մակարդակի են բարձրացել։ Որպես Հայաստան–Վրաստան միջկառավարական հանձնաժողովի վերջին տարիներին գրեթե բոլոր նիստերին մասնակցած պաշտոնյա՝ պետք է ասեմ, որ դա գալիս է այն փոխվստահության բարձր մակարդակից, որ կա այսօր երկու երկրների ղեկավարության և կառավարող ուժերի միջև»,- ասել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ Հայաստանի առումով չկա որևէ այդպիսի երկիր, որի ղեկավարների հետ ավելի ինտենսիվ են շփումները, այդ թվում՝ անձնական շփումները, քան Հայաստանի և Վրաստանի միջև, և ընդգծել, որ տպավորությունն այնպիսին է, որ Վրաստանի գործընկերների դեպքում էլ է այդպես։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը գոհունակությամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր հարցի շուրջ երկկողմ քննարկումները և հարցերի կարգավորումները տեղի են ունենում անմիջական գործընկերային մթնոլորտում:

Հաջորդիվ՝ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շարվաշիձեն պատասխանել են համաժողովի մասնակիցների հարցերին:

Միջոցառման նպատակն է Վրաստանի վերլուծական դաշտի մի շարք հեղինակավոր փորձագետներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին տրամադրել տեղեկատվություն Հայաստանի կառավարության արտաքին, անվտանգային, տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

–00—ՅՄ