Փաշինյանը ճգնաժամերը թաքցնում է եկեղեցու դեմ արշավով. «Ժողովուրդ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը սկսում է հերթական աղմկահարույց արշավը՝ այս անգամ Հայ Առաքելական Եկեղեցու եւ Վեհափառի դեմ։ Բայց իրական թիրախը այլ է՝ ժողովրդի ուշադրությունը շեղելուն միտված վտանգավոր մանեւրը։
Ի՞նչ է տեղի ունենում այս պահին իրականում, երբ Կառավարության ղեկավարը հարձակվում է հոգեւոր առաջնորդի վրա։
Սահմանազատում Ադրբեջանի հետ. իշխանությունը պատրաստվում է սահման գծել թշնամու պայմաններով, այն դեպքում, երբ Ադրբեջանի բանակը մնում է Հայաստանի օկուպացված տարածքներում։Խաղաղության պայմանագրի վտանգավոր կետեր՝ առանց Արցախի կարգավիճակի, առանց անվտանգության երաշխիքների, առանց գերիների վերադարձի եւ ՀՀ դեօկուպացիայի պահանջի։
Տնտեսական խորտակում. ամիսներ շարունակ արգելվում է հայկական կոնյակը Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան արտահանել։ Կոնյակագործները հուսահատ վիճակում են, իսկ Կառավարությունը՝ անգործ։
Արտաքին պարտքը հատել է վտանգավոր շեմը. 2024-ի վերջին այն անցել է 11 մլրդ դոլարը՝ յուրաքանչյուր քաղաքացու բաժին է հասնում շուրջ 3,600 դոլար պարտք։
Բնակչության արտահոսք. վերջին տարիներին Հայաստանից արտագաղթը նորից ահագնանում է։ Չենք հեռանում ոչ թե միայն աղքատությունից, այլ հիասթափությունից։
Եվ այս ամենի ֆոնին Փաշինյանն ընտրել է պայքարել ոչ թե կոռուպցիայի, ոչ թե թշնամու դեմ, այլ՝ հայոց եկեղեցու եւ Վեհափառի դեմ։
Հարց է առաջանում. երբ պետությունն ունի ճակատագրական այսքան հարց, ո՞վ եւ ինչո՞ւ է որոշել, որ պատասխանը պետք է տալ Մայր Աթոռին»։
–00—ՍՊ