Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

«Փաստ» թերթը գրում է. «Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում սահուն անցում է կատարվում դեպի բազմաբևեռ համակարգ։ Բայց ժամանակի ընթացքում ինչքան էլ կարևորվում է միջազգային տարբեր խաղացողների դերակատարությունը, միևնույնն է, ԱՄՆ-ի դերակատարությունը միջազգային ասպարեզում շարունակում է մնալ առաջնային։ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ աշխարհի թիվ 1 տնտեսությունը և ամենահզոր ռազմական ուժերն ունեցող պետությունը։ Ուստի, ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններն իրենց արձագանքն են գտնում աշխարհով մեկ։ Հասկանալի է, որ այս տարվա համար ամենադրամատիկ իրադարձությունը Դոնալդ Թրամփի պաշտոնավարումն է, իսկ նա հռչակել է «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսը, որը ենթադրում է առավելապես ամերիկյան ներքին խնդիրների վրա կենտրոնանալու ձգտումը։
Այս համատեքստում Թրամփի վարչակազմի համար առաջնային է ամերիկյան ներքին արտադրական ներուժի վերականգնումը և ոչ անհրաժեշտ ծախսերի կրճատումը։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Թրամփի պաշտոնավարման սկիզբն աչքի ընկավ նրանով, որ տեխնոլորտի միլիարդատերերը սկսեցին հարել ամերիկյան կառավարությանը ու մեծ ազդեցություն ունենալ նրա վրա։ Խոսքը մասնավորապես վերաբերում է աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի ունեցած դերակատարությանը։ Նա անգամ զբաղեցնում էր կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավարի պաշտոնը։ Ու այս գործոնը հաշվի առնելով՝ խոսվում էր այն մասին, որ բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճել են, իսկ Մասկը քաղաքականությունը կարող է ծառայեցնել իր բիզնես շահերին։
Մի շարք լրատվամիջոցներում անգամ խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, թե Մասկը զբաղեցնում է ստվերային նախագահի դերակատարությունը։ Նա կառավարության արդյունավետության դեպարտամենտի շրջանակներում այնպիսի կամայական կտրուկ քայլերի ու կրճատումների էր դիմում, որոնց արդյունքում տպավորություն էր ստեղծվում, թե պետական համակարգի հետ վարվում է այնպես, կարծես իրեն պատկանող հերթական ընկերություններից մեկն է։ Մասկի գործունեությունը վարչակազմի ներսում դժգոհությունների պատճառ դարձավ, ու չնայած այն հանգամանքին, որ նա հեռացավ իր պաշտոնից, այդ ամենն ի վերջո հանգեցրեց Թրամփ-Մասկ հեռակա վեճին։ Այդ ֆոնին Հանրապետական կուսակցության ներսում սկսեցին կոչեր հնչել Մասկի՝ ԱՄՆ ներգաղթելու մանրամասները ստուգելու և անգամ արտաքսելու հնարավորության մասին։
Ճիշտ է՝ Մասկը չի կարող դուրս գալ կառավարության դեմ, սակայն նա հսկայական ազեցություն ունի՝ հաշվի առնելով, որ կրիտիկական նշանակություն ունեցող այնպիսի ընկերություններ է ղեկավարում, ինչպիսիք են Tesla-ն, SpaceX-ը և Starlink-ը, թեկուզ և դրանց բաժնետոմսերի գներն ընդամենը մի քանի օրում կտրուկ նվազեցին՝ լուրջ վնասներ պատճառելով: ԱՄՆ-ում տեղի ունեցող մյուս կարևոր իրադարձությունը կապված է ապօրինի ներգաղթյալների խնդրի հետ, քանի որ Դոնալդ Թրամփը խոստացել է անհապաղ դադարեցնել ապօրինի ներգաղթյալների մուտքն ամերիկյան տարածք և սկսել միլիոնավոր միգրանտների արտաքսման գործընթացը: Լոս Անջելեսի՝ գերազանցապես լատինամերիկյան շրջանում Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) դաշնային գործակալների կողմից անօրինական միգրանտների հայտնաբերմանն ուղղված խուզարկությունները բողոքի ակցիաների պատճառ են դարձել, որոնց ընթացքում բախումներ են տեղի ունենում։
Նշվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է այնտեղ Ազգային գվարդիայի 2 հազար զինվորական ուղարկել՝ ակցիաները ճնշելու համար։ Անկարգությունները տարածվել են նաև Նյու Յորքում։ Պարզ է, որ Թրամփին ձայն են տվել բազմաթիվ քաղաքացիներ, որոնց շրջանում կոնկրետ դժգոհություններ կան ապօրինի ներգաղթյալների հոսքի հետ կապված, քանի որ այդ մարդիկ իրենց հետ բերում են նաև հանցագործություններ և այլ վատ երևույթներ։
Ուստի, ԱՄՆ վարչակազմը հաստատակամություն է ցուցաբերում ապօրինի ներգաղթյալների ու սահմանային պաշտպանվածության հարցի ուղղությամբ։ Որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ առաջիկայում ներգաղթի խնդրին բախվելու է նաև Եվրոպան, որտեղ գնալով աճում են հականերգաղթային տրամադրությունները։ Բացառված չէ, որ ԱՄՆ-ից արտաքսված միգրանտները կարող են հայտնվել հենց եվրոպական երկրներում։ Բայց, ի տարբերություն ԱՄՆ-ի, Եվրոպայում խնդիրն ավելի լուրջ է ու նույնիսկ քաղաքակրթական նշանակություն ունի, քանի որ ժամանակի ընթացքում Եվրոպա են տեղափոխվել մեծ քանակությամբ մահմեդական արժեհամակարգ կրող մարդիկ, որոնք չեն մերվել տեղական հասարակության մեջ ու կարող են խնդիրներ ստեղծել»։
–00—ՍՊ