Սննդամթերքի անվտանգության պահպանումն ընդգրկում է «ֆերմայից պատառաքաղ» կամ «դաշտից սեղան» շղթան

07/06/2025 16:57 Ներքին կյանք

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը ուղերձ է հղել Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Հարգելի քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա կապակցությամբ: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2018 թ. հունիսի 7-ը հռչակել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր, որն այս տարի անցկացվում է «Սննդամթերքի անվտանգություն. գիտությունը գործողության մեջ» կարգախոսի ներքո:

Այս օրը նշելու նպատակն է լրացուցիչ անգամ բոլորիս ուշադրությունը հրավիրել ոլոտի խնդիրներին, բարձրացնել սննդամթերքի անվտանգության հարցերի վերաբերյալ հանրության իրազեկվածությունը, ցույց տալ, թե ինչպես կարելի է կանխել հիվանդությունները՝ իրականացնելով սննդային ծագման ռիսկերը հայտնաբերելու, կանխելու և կառավարելու անհրաժեշտ գործողություններ:

Սննդամթերքի անվտանգության պահպանումը բարդ գործընթաց է, որն ընդգրկում է «ֆերմայից պատառաքաղ» կամ «դաշտից սեղան» շղթան։

Այդ շղթայի բոլոր փուլերը՝ արտադրություն, վերամշակում, վաճառք թե հասարակական սննդի կազմակերպում, կարևորագույն դերակատարում սննդամթերքի անվտանգության համակարգում: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողական գործառույթներն ուղղված են սպառողի՝ անվտանգ սնունդից օգտվելու իրավունքի պաշտպանությանը և մենք անելու ենք հնարավորը այդ գործառույթներն ամբողջությամբ իրացնելու համար:

Շատ կարևոր է, որ սննդի շղթայի օպերատորները սննդամթերքի անվտանգության պահպանումը համարեն իրենց թիվ մեկ անելիքը, իսկ սպառողները հետևեն սննդամթերքն օգտագործելու ու պատրաստելու պարզ կանոններին և լինեն պահանջատեր:

Հարգելի սպառողներ, մենք ակնկալում ենք ձեր ակտիվ աջակցությունը և հիշեցնում, որ սննդամթերքի անվտանգությունը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է։

Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր օրվա կապակցությամբ»

–00—ՅՄ