Բա ասում էիք «բոյկոտը ձախողվել ա», հիմա ինչո՞ւ եք դժգոհում թերհավաքագրումներից․ Մարության

03/06/2025 17:59 Ներքին կյանք

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գրում է․ «Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու ու «ավանդական ընդդիմությունը» միմյանց անկողին են մտել, երկրում բազում խնդիրներ կան, որոնք անմիջականորեն վերաբերում են մարդկանց կյանքի պայմաններին։

Դրանցից մեկի՝ Երեւանի հանրային տրանսպորտի խնդրի մասին այսօր քաղաքապետարանը մի քանի ուշագրավ հայտարարություն է արել (տեսանյութը՝ մեկնաբանություններում)։

Եթե երկու բառով ամփոփենք՝ քաղաքապետարանը տեղեկացրել է, որ ի վիճակի չէ տրանսպորտի նոր շարժակազմ ձեռք բերել, որովհետեւ չի կարողանում  տոմսերի վաճառքից բավարար չափով գումար հավաքել։ Այլ կերպ ասած՝ տրանսպորտային ռեֆորմի ձախողման պատասխանատվությունը փորձում են դնել «անբարեխիղճ ուղեւորների» եւ բոյկոտը կազմակերպող «չար ընդդիմադիրների» վրա։

Սրա հետ կապված մի քանի նկատառում ունեմ․

1️⃣  Նախ՝ ուղեվարձի թանկացման դեմ պայքարը նախաձեռնելիս մենք ասում էինք, որ մանրամասն հաշվարկ է պետք, որպեսզի հասկանալի լինի ե՛ւ մարդկանց գնողունակությունը, ե՛ւ տրանսպորտի զարգացման վրա թանկացումների հնարավոր ազդեցությունները։ Այսօրվա վիճակը ապացուցում է, որ մենք ճիշտ էինք՝ քաղաքապետարանը թանկացումը հիմնավորող նորմալ հաշվարկ չունի։

2️⃣  Ավինյանի հետ բանավեճի ժամանակ հարցրեցի ու այդպես էլ պատասխանը չստացա, հիմա նորից եմ հարցնում՝  հարկերը բարձրացնելու հաշվին էդքան փող եք հավաքում, ինչի՞ վրա եք ծախսում, որ տրանսպորտի համար փողը չի հերիքում։

Սրա հետ կապված ուզում եմ հիշեցնել, որ իմ քաղաքապետության շրջանում ձեռք ենք բերել այսօրվա ավտոպարկի մեծ մասը՝ շուրջ 460 ավտոբուս, բացառապես Երեւանի բյուջեի հաշվին։ Շեշտում եմ՝ կառավարությունից ոչ մի լումա դոտացիա չենք ստացել եւ ուղետոմսերը ՉԵՆՔ ԹԱՆԿԱՑՐԵԼ։

3️⃣ Բա ասում էիք «բոյկոտը ձախողվել ա», հիմա ինչու՞ եք դժգոհում թերհավաքագրումներից։ Քաղաքապետարանի այսօրվա հայտարարությունը ապացուցեց, որ մեր նախաձեռնած բոյկոտը հաջողվել է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։

4️⃣ Ասում էիք՝ «թանկացնում ենք, որ նոր շարժակազմ բերենք»։ Քանի որ չեք բերում նոր շարժակազմ, դե հիմա էժանացրեք։

5️⃣  Հերթական անգամ իրենց ձախողումների համար մեղադրում են բոլորին՝ ընդդիմությանը, բոյկոտող ժողովրդին, վատ եղանակին, Նուպագաձիին։ Իրականում, մեղավորը ոչ կոմպետետ, կարճամիտ ու կոռումպացված իշխանավորներն են։ Հենց նրանք չլինեն, ամեն ինչ կամաց-կամաց տեղը կընկնի մեր բոլորիս միասնական ջանքերով»։

–00—ՅՄ