Հայոց ցեղասպանագիտության մեկ դարը. ժառանգություն, մարտահրավերներ և ապագա

31/05/2025 19:18 Ներքին կյանք

2025 թ. մայիսի 29-31-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում կայացավ «Հայոց ցեղասպանագիտության մեկ դարը. ժառանգություն, մարտահրավերներ և ապագա» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը։ Այն կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում և նպատակ ուներ ամփոփելու ոլորտի ուսումնասիրման անցած ուղին, գնահատելու ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև ուրվագծելու ցեղասպանագիտության հետագա զարգացման հեռանկարները։

Գիտաժողովին մասնակցում էին 51 գիտնական Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Գերմանիայից, Բրազիլիայից, Իսրայելից, Լեհաստանից, Ավստրալիայից, Լիբանանից և Թուրքիայից՝ ներկայացնելով ոլորտի առաջատար կենտրոններ և համալսարաններ։

Բացման խոսքում ՀՑԹԻ տնօրեն դոցենտ Էդիտա Գզոյանը նշեց․ «Այս միջոցառմամբ պետք է արձանագրենք, թե ինչ ենք արել նախորդ հարյուր տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում, ինչ թեմաներ ենք ուսումնասիրել, ինչ ուղղությամբ են գնացել հետազոտական աշխատանքները և ինչպիսին է լինելու հայոց ցեղասպանագիտության հետագա զարգացումը»:

Եռօրյա գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին տասնյակ գիտական զեկուցումներ, որոնք դասակարգված էին թեմատիկ պանելի շրջանակներում։ Զեկուցումներում դիտարկվում էին ոչ միայն Հայոց ցեղասպանության ուսումնասիրման պատմական զարգացումները, այլև ոլորտում կիրառվող ժամանակակից մեթոդաբանությունները, միջգիտակարգային մոտեցումները և համադրումները համաշխարհային համատեքստում։

Մասնակիցները իրենց աշխատանքները ներկայացրին հետևյալ հիմնական թեմատիկ ուղղություններով՝

Հայոց ցեղասպանության ուսումնասիրություններ. պատմություն, պատմագրություն, կառույցներ, մարտահրավերներ
Հայոց ցեղասպանության վավերագրման վաղ շրջան
Հիշողություն, արխիվներ և բանավոր պատմություն
Վկայություն և մարդասիրություն
Վերադառնալով Հայոց ցեղասպանությանը. նոր մոտեցումներ և հեռանկարներ
Հիշողությունը, տրավման և ինքնությունը ցեղասպանությունից հետո հայկական համայնքներում
Գենդերը և ցեղասպանությունը
Գաղափարախոսություն, քաղաքականություն և ցեղասպանություն
Համեմատական ցեղասպանագիտությունը և գլոբալ հեռանկարները
Հետցեղասպանություն, գոյատևում և վերակառուցում

Զեկուցումներից հետո Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրման, ինչպես նաև Օսմանյան կայսրության քրիստոնյա բնակչության ցեղասպանության պատմության ուսումնասիրման և հանրահռչակման գործում ունեցած ավանդի համար ֆրանսահայ պատմաբան, ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ դոկտոր, պրոֆեսոր Ռայմոնդ Գևորգյանը և անգլիացի պրոֆեսոր Դևիդ Գանտը պարգևատրվեցին ՀՑԹԻ-ի Ջեյմս Բրայս հուշամեդալով:

Գիտաժողովի վերջում աշխատանքներն ամփոփելիս մասնակիցները հույս հայտնեցին, որ այս միջազգային գիտաժողովը կարևոր հարթակը կդառնա ցեղասպանագիտության համաշխարհային դաշտում հայկական դպրոցի գիտական ներդրումները ամփոփելու և նոր համագործակցություններ հիմնելու համար։

–00–ՍՊ