Ատելության, չարության և նախանձի հիմքով իշխանության գործողությունները սպառնալիք են եկեղեցու համար

31/05/2025 15:30 Ներքին կյանք

Դիվանագետների համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին Հայաստանում իշխող վարչախմբի ու նրա պարագլխի՝ հատկապես վերջին օրերին տարրական բարեկրթության և բարոյականության բոլոր սահմանները հատած արտահայտությունները:

Հանրային տիրույթում անթույլատրելի և բարձրագույն պաշտոնների հետ բացարձակապես անհամատեղելի այդ արտահայտությունները համարում ենք ոչ միայն կրթության, գիտելիքների, բարոյականության ու դաստիարակության ակնհայտ բացակայության հիվանդագին դրսևորումներ, այլև միտումնավոր և մտածված քաղաքականություն, որի թիրախն են.

Դարերի ընթացքում ձևավորված մեր ինքնության հենասյուներն ու արժեքային համակարգը,

ՀՀ Սահմանադրությունը, որով Եկեղեցին անջատ է պետությունից, իսկ Հայ Առաքելական եկեղեցին ունի բացառիկ դեր,

Իշխանությունների զրոյական արժևորման համեմատ՝ ՀԱԵ է՛լ ավելի աճող հեղինակությունը,

Իշխանությունների աջակցությունից զրկված և նրանց կողմից մոռացված Արցախի մեր եղբայրների ու քույրերի իրավունքների, հետևաբար մեր բոլորի իրավունքների պաշտպանության հարցում Եկեղեցու հետևողական ջանքերն ու անթաքույց նախանձախնդրությունը:

Արցախը կորցրած, պատերազմը տանուլ տված, հազարավոր կյանքեր զոհած, մեր ինքնիշխան երկրի տարածքները ոսոխին նվիրող, իր իսկ նախընտրական ծրագրերը և պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը տապալած, մեր ինքնության հիմքերը և պետական ինստիտուտները թիրախավորած, երկիրը աննախադեպ ճգնաժամի հասցրած, բանսարկու և ազգադավ խմբակի որդեգրած քաղաքականությունը հերթական անգամ համընկնում է մեր ոխերիմ թշնամիների խոսույթին և ուղղված է մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրներից ու գոյութենաբանական մարտահրավերներից մեզ բոլորիս շեղելուն, հասարակությունը հերթական անգամ պառակտելու ստոր քաղաքականությամբ իրենց երերացող աթոռը պահպանելուն:

Ատելության, չարության և նախանձի հիմքով իշխանության եկած ու հասարակության տարբեր շերտերին տարիներ շարունակ իրար դեմ լարելուն լծված և հոգևարքի մեջ գտնվող իշխանության խոսույթն ու գործողությունները սպառնալիք են ոչ միայն մեր հոգևոր դասի և Եկեղեցու համար, այլև ողջ հայության համար, որովհետև Եկեղեցին հենց ժողովուրդն է, և Հայաստանյայց

Առաքելական Եկեղեցին՝ ողջ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը՝ Ազգընտիր Հայրապետի գլխավորությամբ:

Մեր ժողովրդի գիտակից և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեպաշտ բոլոր զավակների հետ միասին մենք կանգնած ենք Հայոց Եկեղեցու կողքին և հայտնում ենք նրան մեր լիակատար աջակցությունը:

31 մայիսի, 2025թ.

–00–ԱՀ