Հայկ Սարգսյանի նախագիծը փոթորկել է ՔՊ-ն․ «Հրապարակ»
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

«Հրապարակ» թերթը գրում է. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ ավելի քան երեք ժամանոց փակ քննարկում անցկացրեց` բանակից գումարով ազատվելու մասին ՔՊ-ական Հայկ Սարգսյանի նախագծի շուրջ: Մեզ պատմեցին, որ քննարկումն անցել է աննախադեպ թեժ մթնոլորտում, քննարկմանը ներկա գտնված գրեթե բոլոր իշխանական պատգամավորները` առանց բացառության, քննադատել են նախաձեռնությունը եւ հոխորտացել, որ իրենց միջոցով չեն կարող կյանքի կոչել նման տխրահռչակ, հասարակությունը սորտավորող օրենքի նախագիծ, չնայած այն բանին, որ այն անվտանգային հարցեր է լուծում, մասնավորապես, խնդիր է դրված՝ բանակից ազատվածների գումարներով պրոֆեսիոնալ բանակ ստեղծել։
Նախագծով, որը կառավարությունը վերջին նիստում հավանության արժանացրեց, առաջարկվում է արական սեռի ներկայացուցիչներին փողի դիմաց ազատել զինծառայությունից: Անգամ մինչեւ 18 տարեկանը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում անձը պետք է 15 միլիոն դրամ վճարի: Իսկ ՀՀ քաղաքացին 24 միլիոն վճարելով կարող է ոչ թե 2 տարի, այլ 1 ամիս ծառայել, 18 միլիոնի դիմաց` 4 ամիս։
Նախագիծը փոթորկել է հանրությանը, դրա շուրջ մտահոգություններ են հայտնել մի շարք հասարակական կազմակերպություններ, նախկին ՄԻՊ-երը եւ անգամ ներկայիս ՄԻ պաշտպանը՝ մատնանշելով նաեւ սահմանադրականության հետ առաջացող խնդիրները։ Ինչո՞ւ է կառավարությունը, առանց հանրային քննարկման, նախագիծը դրել շրջանառության մեջ: Փակ քննարկման ժամանակ հեղինակի եւ Պնախարարի հիմնավորումը եղել է այն, որ բանակը լրջագույն խնդրի առջեւ է կանգնած, զորակոչի խնդիր կա, զորակոչման ենթակա տասնյակ հազարավոր քաղաքացիներ նախապես հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից՝ բանակում չծառայելու համար։ Պարզվում է՝ նախագծի իդեան ծագել է ավելի վաղ՝ 2019-ին, սակայն կանխատեսելով աղմուկը, այն պահվել է գզրոցներում եւ հանվել հիմա, երբ այլեւս օդուջրի պես զգացվում է դրա անհրաժեշտությունը, եւ այն, ըստ հեղինակների, անվտանգային տեսանկյունից քննարկման ենթակա չէ։
Սակայն նրանք թերեւս հաշվի չեն առել մյուս բաղադրիչները, հատկապես այն, որ այս օրենքը կխորացնի հասարակության մեջ առկա սոցիալական անարդարությունը, անգամ ընտանիքում ամուսինն ու կինը կարող են միմյանց նկատմամբ թշնամանալ, ասենք` կանայք ամուսիններին կմեղադրեն, թե ինչքան վատ հայր են, որ չեն կարողանում մյուսների պես իրենց զավակին փողով ազատել բանակից։ Ավելի քան 30 պատգամավոր գրանցվել եւ հարցեր է ուղղել Պապիկյանին ու Հայկ Սարգսյանին, գրեթե բոլորն ասել են, որ ընդունելով անվտանգային խնդիրները, միեւնույն է` դեմ են նախագծի մյուս բաղադրիչներին, որի մասին նշեցինք: Հիմնական մտահոգությունը եղել է այն, որ հանրությունն էլ ավելի կատի իրենց` նման տարանջատման, խտրական վերաբերմունքի համար։ Ուստի առաջարկել են թողնել միայն քաղաքացիությունից հրաժարվելու դիմաց գումար վճարելու կետը, որը, ըստ ՔՊ-ականների, համարժեք նշանակություն կարող է ունենալ։ Ավելին, ոմանք առաջարկել են անգամ գումարի չափը 15 մլն-ից բարձրացնել, սակայն թե՛ Սուրեն Պապիկյանը, թե՛ մանավանդ Հայկ Սարգսյանը կատեգորիկ դեմ են եղել այդ առաջարկներին եւ ասել են, որ դա օգուտ չի բերի` այսպես, թե այնպես, հարուստները զարտուղի ճանապարհներով ազատում են իրենց զավակներին, ուստի ճիշտ կլինի, որ այդ գումարները ոչ թե անհատների, այլ պետության բյուջե մտնեն։
Ոմանք էլ առաջարկել են հրաժարվել մեկ ամիս ծառայելու մասին դրույթից եւ նվազագույն շեմ սահմանել 4 ամսվա ծառայությունը, ընդ որում՝ խորացված, որպեսզի այդ ամիսների ընթացքում շարքայինը ձեռք բերի, դիցուք, հրետանավորի, տանկիստի կամ այլ մասնագիտական կարգավիճակ։ Սակայն այս դրույթն էլ ոչ բոլորն են ողջունել։ Խմբակցությունում առաջարկել են քննարկումից հետո քվեարկություն իրականացնել եւ այդպիսով վճռել նախագծի ճակատագիրը, սակայն Հայկ Սարգսյանը դեմ է արտահայտվել քվեարկությանը՝ ասելով, որ ինչքան պետք է` կարող են քննարկել, բայց պետք է գտնել լուծում, որովհետեւ ինքը չի պատրաստվում նախագծից հրաժարվել։ Այսպիսով՝ վերջնական եզրահանգման չեն եկել։ Սակայն ՔՊ-ին հատկապես զայրացրել է իրենց գործընկերոջ՝ Հայկ Սարգսյանի ինքնավստահ կեցվածքը, որ երկուշաբթի օրը փորձել է առանց քննարկման` Պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստով նախագիծն անցկացնել լիագումար նիստի օրակարգ։ Այդ օրը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գործուղման էր, եւ Սարգսյանը կարողացել է համոզել հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանին ու նիստ նշանակել, անգամ Պապիկյանն է եկել խորհրդարան, եւ միայն ՔՊ-ական ֆրակցիայի գործուն միջամտությունից հետո Պապիկյանը չի ներկայացել նիստին, ու այն հետաձգվել է։
–00—ՍՊ