1 ամսվա ընթացում 6 անգամ թալանել է նույն խանութը․ գողին ձերբակալել` բաց են թողել․ «Հրապարակ»

27/05/2025 23:16 Ներքին կյանք

«Հրապարակ»․ Իրավապահները աչք են փակում գողության դեպքերի վրա։ «Սմոք Հաուս» ընկերության 6 տարբեր խանութներից տարբեր ժամանակահատվածներում նույն անձը բազմակի գողություն է կատարել` պատճառելով տնտեսվարողին 15 միլիոն դրամի վնաս։ Գողության փաստով իրավապահները արձանագրություն են կազմել, գողին՝ բաց թողել։

Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է, որ գողության 3 դրվագի հիման վրա նախաձեռնվել են 3 տարբեր քրեական վարույթներ։ Մեկ վարույթի շրջանակում անձն անգամ ձերբակալվել է, սակայն անհասկանալի պատճառներով ազատ է արձակվել։ 4-րդ դրվագով գողություն կատարվելուց հետո սեփականատերն ահազանգել է ոստիկանությանն ու քննիչներին։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնից 2 ժամ հետո զանգել, ասել են՝ եկեք հաղորդում տվեք, քննչականի քննիչներից մեկը (Աբովյանի քննիչներից ոմն Մարիամ) ասել է՝ երկուշաբթի մի բան կանեմ, մյուսը (Արաբկիրի բաժնի քննիչներից ոմն Արմինե) 10 օրով արձակուրդ է գնացել, վերադարձից հետո խոստանալով կզբաղվի, իսկ երրորդն էլ (Մաշտոցի բաժնի քննիչներից ոմն Դավիթ) ասել է՝ իմ վարույթով ես իրեն դեռ մեղադրանք չեմ առաջադրել։

Ցուցաբերված անլրջության պատճառով  գողությունը կրկնվել է։ Ինչպես «Հրապարակ»-ին պատմում է խանութի սեփականատերը՝ գողացվածը բացառապես «Իգնայթ» տեսակի էլեկրական ծխախոտ է։ Վերջին 1 ամսա ընթացքում 4 գողություն է կատարվել, 2 գողության փորձ՝ նույն անձի կատարմամբ։

Ներքին գործերի նախարարությունը բացահայտել է էլեկտրական ծխախոտների գողությունները, մեկ անձ ձերբակալվել եւ ներկայացվել է քննչական կոմիտե։ Ավելի վաղ քննչականից հայտնել էին, որ Էլեկտրական ծխախոտներ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնվել են մի քանի քրեական վարույթներ: Ընկերությունը տուժող է ճանաչվել: 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Տեսանյութերով անձի ինքնությունը պարզ երեւում է, սակայն իրավապահները նրան կալանավորել չեն ցանկանում։