Վանաձորի հրշեջ-փրկարարները կանխել են «Renault»-ի կցորդիչում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն

Այսօր՝ մայիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցի 21 հասցեի մոտակայքում բեռնատար ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Վահագ Պ․-ի վարած «Renault» մակնիշի բեռնատարի կցորդիչում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

–00—ՅՄ