Երբ սասանվում են հենասյուները, խարխլվում է ամեն ինչ, տեղի ունեցածը փոքրիկ մասնիկն է ընդհանուր աղետի
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Հանրային (պետական կամ համայնքային) ծառայությունը արտոնություն չէ, այլ պարտականություն, որը ենթադրում է ոչ միայն արհեստավարժություն, այլև հանդուրժողականության ու ներքին խոնարհության դրսևորում հանրության, ժողովրդի և քաղաքացու հանդեպ։
Պետական ու համայնքային ծառայողը, պաշտոն ստանձնելու պահից պետք է գիտակցի, որ ինքն անխուսափելիորեն սեփական ազատության սահմանափակման փորձության է ենթարկվելու։ Սա պարզապես ֆորմալ ընթացակարգ կամ խորհրդանշական գործողություն չէ, այլ՝ իրեն նախկինում ծանոթ աշխարհի ու իր վարքագծի դրսևորումների մի մասի գիտակցված և կամավոր մերժում ՝ հանուն ավելի բարձր արժեքների՝ հասարակության, պետության, համայնքի ու համաքաղաքացիների։
Իր հին կենսակերպը, որն իրեն հաճախ կարող էր թույլ տալ որոշ ազատություններ՝ պայմանավորված անհատական նախասիրություններով կամ չգրված սոցիալական կանոններով, պետք է դառնա անցյալ՝ զիջելով հանրային շահերի ծառայության պատասխանատվությամբ պայմանավորված «անազատությանը»։
Ազատության, անձնական կյանքի, գոյության հարմարավետության գիտակցված զոհաբերությունը, այն գինն է, որը պետք է վճարի յուրաքանչյուր ոք, ով համարձակվում է մուտք գործել պետական ու համայնքային կառավարման շարքերը։ Եթե մարդը ի վիճակի չէ ընդունել այս զոհաբերությունը, եթե նա պատրաստ չէ հասարակության շահերը իր անձնական դրդապատճառներից, ընտանեկան կամ այլ սոցիալ-տղայական կապերից վեր դասել, ապա նրա կողմից հանրային պաշտոն զբաղեցնելը ուղղակի անբարոյականություն է։
Ինչևէ, երբ սասանվում են հենասյուները, խարխլվում է ամեն ինչ։ Տեղի ունեցածը մի փոքրիկ մասնիկն է համընդհանուր աղետի»։
–00—ՅՄ