Երևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:40-ի սահմաններում Գյուրջյան փողոցում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և ժողովրդին հայտնի Հերացու դիահերձարանի հաշվեկշռում հաշվառված՝ դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շտապօգնության ավտոմեքենայով դի տեղափոխելիս են եղել։

–00—ՅՄ