Խոշոր ավտովթար՝ Հովտաշատ գյուղում. բախվել են «Infiniti»-ն ու «Mercedes»-ը

Այսօր՝ ապրիլի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 42-ամյա Մհեր Պ-ի վարած «Infiniti» մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բնակչի տան դիմաց տեղադրված բետոնե էլեկտրասյանը և կոտրել այն:

Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Մասիսի բժշկական կնետրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց:

Բետոնե էլեկտրասյան կոտրվելու հետևանքով սյան վրա տեղադրված արագիլի բույնն ամբողջությամբ վնասվել է:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի , դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի և դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ալբերտ Պիրոևն ու կրտսեր պարեկ Մարատ Մանուկյանը:

Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, որ վթարի հետևանքով «Infiniti»-ն մասամբ հայտնվել էր ճանապարհի երթևեկելի գոտում ու ստեղծվել էր խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Արտաշատի ԳԳՄ-ի Մասիս Տ/Տ-ի վթարային ծառայության ներկայացուցիչները, քանի որ վթարի հետևանքով նաև վնասվել է գազատար խողովակը, բարեբախտաբար գազի արտահոսք տեղի չի ունեցել:

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արագիլը վնասված էլեկտրասյան հետևանքով կորցրել է իր բույնն ու անընդհատ օդում ման էր գալիս այն:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

–00–ԱՀ