Մենք պարտավոր ենք երբեք չլռել տառապանքների մասին, պաշտպանել ճշմարտությունը․ Free Armenian Hostages
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

«Ազատություն հայ պատանդներին» շարժումը հաղորդագրություն է տարածել Լոնդոնի գործընկերներից, որում նշված է․
«Այսօր լրանում է մեր ժողովրդի պատմության ամենասգալի էջի՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայում ծրագրված ու պետականորեն իրականացված ցեղասպանության երկրորդ փուլում հարյուրավոր հայ մտավորականներ՝ փաստաբաններ, բժիշկներ, երաժիշտներ, բանաստեղծներ և այլոք, ձերբակալվեցին, սպանվեցին կամ աքսորվեցին։ Դա 20-րդ դարի առաջին պետականորեն ծրագրավորված ցեղասպանությունն էր՝ մինչեւ այդ հանցագործությունն այդ բառով կբնութագրվեր։
Այսօր մենք միանում ենք աշխարհասփյուռ մեր եղբայրներին ու քույրերին՝ հարգանքի տուրք մատուցելով մեկ ու կես միլիոն նահատակված հայերին՝ տղամարդկանց, կանանց և երեխաներին՝ աղոթքով, խոկումով ու վշտակցությամբ։
2025 թ. ապրիլի 23-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովակիմ եպս. Մանուկյանը հանդիսապետեց միջնորդական աղոթքի և հիշատակի երեկոյան արարողությանը Սուրբ Եղիշե եկեղեցում։ Այս հոգևոր խորհրդով համախմբվեցին հոգևորականներ, դիվանագետներ, համայնքային գործիչներ ու հավատացյալներ՝ աղոթքի և խոկման երեկոյի ընթացքում։ Այս առիթը միաժամանակ նշանավորվեց Սուրբ Նահատակների սրբադասման 10-րդ տարելիցով՝ արարողություն, որի ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբադասեց Հայոց ցեղասպանության բոլոր նահատակներին՝ որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից հարյուրավոր տարիների ընթացքում սրբադասված առաջին նահատակների։
Բացելով երեկոն՝ Գերշ. Հովակիմ Սրբազանը իր խորը ցավակցությունը հայտնեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ՝ հիշեցնելով վերջինիս հուզիչ մարդկայնությունն ու արդարության ձգտումը։ «Չեմ մոռանում 2014 թվականին մեր Կաթողիկոսի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի Վատիկան այցելության ընթացքում Պապի հնչեցրած խոսքերը, որոնք արձագանքեցին պատմության խորքից․ «Հայերն ավելի շատ նահատակներ տվեցին 20-րդ դարի սկզբին, քան բոլոր քրիստոնյաները քրիստոնեության առաջին մի քանի դարերի ընթացքում»։ Թող նրա հիշատակը օրհնություն մնա սերունդների համար»։
Սուրբ Նահատակների սրբադասումը մեր Եկեղեցու պատմության մեջ առանցքային նշանակություն ուներ՝ նրանց նահատակությունը հավերժորեն միաձուլելով մեր հավատքի հիմնասյուներին։ «Թեև մեկ ընդհանուր սրբադասումով, բայց յուրաքանչյուր նահատակ ուներ անուն, դեմք, պատմություն», – ընդգծեց Սրբազանը։ «Տղամարդիկ և կանայք, հոգևորականներ և աշխարհիկ մարդիկ, ծերեր և մանուկներ անցան իրենց Գողգոթան Օսմանյան կայսրության անապատներում։ Նրանց լուռ տոկունությունը, ցավի մեջ եղած աղոթքը վկայություն դարձան ոչ միայն հայերի, այլև ողջ քրիստոնեության համար»։
Նրա խոսքից հետո հոգևոր դասը և երգչախումբը կատարեցին միջնորդական աղոթք՝ խորը զգացմունքային մթնոլորտում միավորելով ներկաներին՝ հիշատակի, խոկման և հույսի մեջ՝ Սուրբ Եղիշեի սրբազան պատերի ներքո։ Հոգևոր երգերը և պոետիկ ընթերցումներն էլ ավելի խորացրին սրբության զգացողությունը։ Երեկոյի ընթացքում հանդես եկավ երիտասարդ տաղանդավոր ջութակահարուհի Պոլինա Շարաֆյանը՝ հոգեցունց մեղեդիներով։
Մասնակցում էին հոգևոր առաջնորդներ և հյուրեր, այդ թվում՝ Սիրիակ Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տ. Աթանաս Արքեպիսկոպոս Թոման, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, ինչպես նաև Մոնսինյոր Ռոջեր Ռիդերը՝ ներկայացնելով Վինսենթ Կարդինալ Նիկոլսին՝ Վեստմինսթերի կաթոլիկ թեմի առաջնորդին։
Դեսպան Ներսեսյանը անդրադարձավ «ցեղասպանություն» եզրույթի ծագմանը, որը ձևակերպվել է ռումինացի-հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից՝ 1915-23 թթ. իրադարձություններից հետո։ «Բայց այն սահմանելն ու ճանաչելը հեշտ չէր․ դրա համար պահանջվեցին տասնամյակներ։ Պահանջվեցին այնպիսի ձայներ, որոնք հրաժարվեցին լռել», – ասաց դեսպանը։ «Լեմկինը ոչ թե հայտնագործեց ցեղասպանության գաղափարը, այլ իդենտիֆիկացրեց»։
Մոնսինյոր Ռոջեր Ռիդերն իր խոսքում վերահաստատեց կաթոլիկ եկեղեցու զորակցությունն ու համերաշխությունը Հայ Առաքելական Եկեղեցու և ժողովրդի հանդեպ՝ ասելով․ «Մենք հավատում ենք Հարությանը։ Մենք հռչակում ենք, որ մթության խորքից Աստված լույս է բերում, մահից՝ կյանք, գերեզմանից՝ հույս»։ Նա ընդգծեց կաթոլիկ եկեղեցու պատրաստակամությունը՝ աջակցելու հայ ժողովրդին՝ իրենց վշտի, բայց նաև արդարության, խաղաղության և ապագայի հանդեպ ունեցած հույսի ճանապարհին։
Երեկոյի փակման խոսքը հղեց հանրահայտ միջազգային իրավաբան, Պապական Սուրբ Գրիգորի շքանշանակիր դոկտոր Հարի Հակոբյանը՝ «Հիշողություն, նահատակություն և իմաստ. դարի վկայություն» վերնագրով զեկույցով։ Նա ընդգծեց, որ ցեղասպանության ճանաչման պայքարը շարունակվում է նաև մեր օրերում՝ ընդգծելով, որ 1915-ին և 1939-ին Միացյալ Թագավորության կառավարությունը ճանաչեց ցեղասպանությունը։ «Բայց հետո խոչընդոտներ ստեղծվեցին։ Այդ «խոչընդոտները» առևտրային գործարքներն են։ Այդ խոչընդոտը նավթն է, որը Մեծ Բրիտանիան ներկրում է Ադրբեջանից։ Դա նշանակում է առաջնահերթություն տալ նյութական շահին՝ իրական մարդկային տառապանքների հաշվին, որի գինը հիմա վճարում են Բաքվում պատանդ պահվող մեր հայրենակիցները»։
Հայ ժողովրդի տառապանքները չավարտվեցին 1915-ին։ Ցավոք, նրանց ժառանգները, ովքեր ժամանակին ծրագրել էին ոչնչացնել մեզ, շարունակում են իրենց գործն այսօր՝ Արցախի էթնիկ զտմամբ։ Ուստի, մինչ մենք հարգանքի տուրք ենք մատուցում նահատակներին, միաժամանակ լսում ենք նրանց պատգամը․ հիշողությունը պիտի դառնա պատասխանատվություն։ Նահատակների հիշատակումը միայն կորստի մասին չէ․ այն դիմադրության, արժանապատվության և վերածննդի խոստման մասին է։ Մենք պարտավոր ենք երբեք չլռել տառապանքների մասին, պաշտպանել ճշմարտությունը նաև այն ժամանակ, երբ անհարմար է, և դաստիարակել մեր երեխաներին՝ բաց աչքերով նայելով պատմությանը և բաց սրտերով՝ կարեկցանքին։ Մենք պիտի արտացոլենք նահատակների զոհողությունը՝ մեր քաջությամբ, հավատով և սիրով»։
–00—ՍՊ