Հանրային խորհուրդն անցնում է հեռավար աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News       

Հանրային խորհուրդ

Հանրային խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես, նշված է.

«Առաջիկա շաբաթներին Հանրային խորհրդի մի քանի հանձնաժողովներում նախատեսված էին քննարկումներ, հանդիպումներ և նիստեր՝ տարբեր ձևաչափերով ու կազմերով: Այսօր, սակայն, Հանրային խորհրդի քարտուղարությունը ստացել է մի շարք բանավոր և գրավոր առաջարկներ՝ աշխատանքները հեռավար, առցանց պլանավորելու և իրականացնելու հնարավորություն ստեղծելու վերաբերյալ:

ՀԽ նախագահը քարտուղարության հետ քննարկել է ստացված առաջարկները, որի արդյունքում որոշվել է, որ անհրաժեշտ բոլոր ռեսուրսներն առկա են (կամ կարող են ձեռք բերվել) աշխատանքները հեռավար կազմակերպելու համար՝ միաժամանակ ապահովելով Հանրային խորհրդի բնականոն գործունեությունը: Ուստի առերես հանդիպումները, քննարկումները, Հանրային խորհրդի ու նրա հանձնաժողովների նիստերը, քաղաքացիների ընդունելությունները ժամանակավորապես կփոխարինվեն առցանց տեսակոնֆերանսներով և էլեկտրոնային նամակագրությամբ:

Հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարության հորդորը՝ նվազագույնի հասցնելու հանրային շփումները, քաղաքացիներին առաջարկում ենք իրենց հուզող բոլոր հարցերի վերաբերյալ գրավոր դիմումները Հանրային խորհրդին ուղղել [email protected] էլ.փոստի հասցեով: ՀԽ քարտուղարությունը այս պայմաններում էլ իր բնականոն աշխատանքի միջոցով ընթացք կտա դրանց, պարզապես այդ ամենն իրականացնելով հեռավար ու առցանց հաղորդակցության եղանակներով։

Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ նախազգուշական քայլեր իրականացնելուն զուգահեռ՝ անհարկի խուճապ չստեղծելու և ապատեղեկատվությունից խուսափելու համար, անհրաժեշտ է հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը:

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում.

  • Խուսափե՛լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե՛լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
  • Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ,
  • Գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե՛լ բժշկի:

Առո՛ղջ եղեք»: