Նարեկ Սարգսյանն առերեսվել է 2018-ին իր դեմ հաղորդում տված Հակոբ Հովհաննիսյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

123

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, առերեսվել է 2018 թվականին իր դեմ հաղորդում ներկայացրած Հակոբ Հովհաննիսյանի հետ: Այդ մասին հայտնում է armtimes.com-ը։

Աղբյուրի հետ զրույցում Հովհաննիսյանը պատմել է, որ առերեսման ժամանակ Նարեկ Սարգսյանն ասել է, որ իրեն չի ճանաչում, պնդել է, որ 2012 թվականին թիկնապահներ չի ունեցել և նման դեպք չի էլ հիշում։

«Հարցրի՝ Արթուր Մանուկյանին (խոսքը ԲՀԿ-ական նախկին պատգամավորի մասին է,- խմբ.) ճանաչո՞ւմ է, թե՞ ոչ, նա պատասխանեց, որ հեռակա լսել է, որ նա պատգամավոր է, բայց նրա հետ շփում չունի»:

Հարցին՝ Նարեկ Սարգսյանը տեղյա՞կ էր, որ Արթուր Մանուկյանի մորաքրոջ որդին՝ Էրիկ Բալթայանը, առերեսման ժամանակ մասամբ հաստատել էր կատարվածը, եթե՝ այո, ապա դրան ինչպե՞ս է արձագանքել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Տեղյակ է, առերեսումից առաջ նրան գործը մանրամասն ներկայացվել է, բայց նա ասաց, որ ոչ ոքի չի ճանաչում, բացառեց, որ նման դեպք կարող է եղած լինել»:

Հիշեցնենք, որ Հակոբ Հովհաննիսյանը հաղորդման մեջ պատմել էր, որ 2012-ի դեկտեմբերի 23-ին իր համակուրսեցու՝ Էրիկ Բալթայանի հետ գումարային խնդիր է ունեցել, վերջինս էլ դիմել է իր մորաքրոջ որդուն՝ Արթուր Մանուկյանին: Խոսակցության մասին պարզաբանումներ ստանալու համար Հակոբ Հովհաննիսյանն ընկերների հետ գնացել է Երևանի Կողբացի փողոցում գտնվող գետնանցում, որտեղ եղել են Արթուր Մանուկյանը, Նարեկ Սարգսյանը և վերջինիս թիկնապահները: Ըստ Հովհաննիսյանի՝ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, ինչից հետո Նարեկ Սարգսյանն իր մոտ եղած ատրճանակով կրակել է իր ուղղությամբ, սակայն կրակոցն իրեն չի դիպել, ինչից հետո Սարգսյանն իր մոտ գտնվող կենցաղային դանակով հարվածել է իր կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ 2018-ի հեղափոխությունից հետո Հովհաննիսյանը հաղորդում է ներկայացրել, ինչի փաստով հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով անչափահասին ապօրինի ազատությունից զրկելը), որի շրջանակում Հակոբ Հովհաննիսյանը ճանաչվել է տուժող: