Իրազեկում քաղաքացիներին. պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու հիմքերը և չափը

 ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ  28,  24News           

ԴԱՀԿ

 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը իրազեկում է տարածել պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու հիմքերի և չափի մասին: 

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի համաձայն՝

Պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում կարող է տարածվել, եթե՝

·    պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար

·    կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ,

·    մինչև 200 000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով, եթե պարտապանը չունի դրամական միջոցներ կամ դրանք անբավարար են: Այս մասին հայտնում են Հարկադիր կատարման ծառայությունից:

Աշխատավարձից կատարվող պահումների չափի վերաբերյալ.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի համաձայն՝

Պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել առավելագույնը 50 տոկոս:

Օրենքը նախատեսել է բացառություն հետևյալ 3 դեպքերի համար, երբ պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների 75 տոկոսը՝

• բռնագանձվում է ալիմենտ,

• հատուցվում է առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված   վնասը,

• հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը:

Պարտապանի կենսաթոշակի վրա կարող է բռնագանձում տարածվել առավելագույնը՝ 30 տոկոսի չափով:

Սակայն, եթե վարույթ հարուցելու պահին առկա է կուտակված աշխատավարձ կամ կենսաթոշակ, բռնագանձումը տարածվում է դրանց վրա ամբողջությամբ՝ բացառությամբ արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար ստացվածը, որի վրա բռնագանձում տարածվում է վերը նշված չափերով»: