Չինարենը ՀՀ-ում ոչ միայն քաղաքակրթական, այլև տնտեսական անհրաժեշտություն է․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, OԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Այսօր տեղի ունեցավ Հայ-չինական բարեկամության դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք։ Ողջույնի խոսքում վարչապետն ասաց, որ շատ ուրախ է չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի բացման առթիվ։

«Շատ հայտնի ասացվածք կա՝ «Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես»։ Չինարենի իմացությունը հնարավորորւթյուն է տալիս հասու լինելու մարդկության և քաղաքակրթության պատմության մի հսկայական շերտի և տիրապետել ահռելի տեղեկատվության։ Ես հույս ունեմ, որ այս դպրոցը կդառնա այն խողովակը, որի միջոցով հայ ժողովուրդն առավել խորությամբ կտեղեկանա այն ահռելի ազդեցության մասին, որ չինական քաղաքակրթությունն ունեցել է մարդկության զարգացման վրա։ Մեր ժողովուրդը ևս գալիս է հազարամյակների խորքից, և ես պատմական մեծ իմաստ եմ տեսնում այն փաստի մեջ, որ Հայաստանի և Չնաստանի դրոշները ծածանվում են կողք կողքի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ երկու պետություններին և ժողովուրդներին մոտեցնում է ռազմավարական մտածողությունը, որովհետև ժամանակակից աշխարհում ռազմավարական մտածողությունն ի ցույց է դնում, որ Հայաստանն ու Չինաստանն ունեն բազմաթիվ հետաքրքրություններ։