Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ցանկացած զարգացման. Կոբախիձե

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News 

,

Վրաստանը հանգիստ սպասում է իրադարձությունների զարգացումներին, որոնք վերաբերում են Թբիլիսիի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ մեր ապագա հարաբերություններին, կտեսնենք, մենք պատրաստ ենք ամեն ինչի: Երկու սցենար կա: Առաջինը՝ նախագահ Դոնալդ Թրամփը հաղթում է «խորքային պետությանը», և դա լավ սցենար է մեզ համար: Բայց եթե դա տեղի չունենա, վտանգ կա, որ Վրաստանի հետ կապված իրադարձությունները կզարգանան այնպես, ինչպես վերջին չորս տարիներին: Մենք պատրաստ ենք երկու սցենարներին», - Կոբախիձեի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

«Մենք հանգիստ սպասում ենք իրադարձությունների զարգացմանը։ Մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները մենք հաշվարկել էինք նաև մեզ համար ամենավատ սցենարը՝ նախկին վարչակազմի կողմից կառավարումը շարունակելը։ Մենք պատրաստ էինք դրան, ամեն դեպքում, ոչինչ չէր կարող սասանել մեր ինքնիշխանությունն ու անկախությունը», - ընդգծել է նա։

Կոբախիձեի խոսքով՝ ԱՄՆ նոր վարչակազմն այսօր ամերիկյան նախկին իշխանությունների մասին ասում է նույնը, ինչ վրացական իշխանություններն ասում էին վերջին չորս տարվա ընթացքում։

ԱՄՆ նախկին վարչակազմը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի կառավարության դեմ, դադարեցրել երկկողմ ռազմական համագործակցությունը և այցագրային սահմանափակումներ մտցրել Թբիլիսիի դեմ՝ նշելով, որ Վրաստանը հեռացել է ժողովրդավարական ​​արժեքներից:

--00--ԱՀ