Պատրաստ ենք աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման հարցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

ց

Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ:

Կողմերը փաստել են Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ առկա ջերմ միջպետական հարաբերությունների մասին, որոնց հիմքում ընդհանուր ժողովրդավար արժեքներն են:

Զրույցի սկզբում քննարկվել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին եւ ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը:

«Տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է գործեն ինքնիշխանության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքներով: Սահմանազատումն ու սահմանագծումը պետք է անցկացվեն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Էստոնիայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին:

«Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Էստոնիան պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման հարցում»,- ասել է ԱԳ նախարարը:

Քննարկվել են Հայաստան-Էստոնիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաեւ՝ իրավիճակն Արեւելյան Եվրոպայում:

--00—ԼՀ