Լեգիտիմ մտահոգություն է ՌԴ հարթակը, քանի որ «Նոյեմբերի 9-ի» երաշխավորը ՌԴ-ն էր, որը խափանեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Լեգիտիմ մտահոգություն կա ՌԴ հարթակի վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի երաշխավոր կողմը Ռուսաստանն էր, և ցավոք սրտի մենք այսօր մի իրավիճակում ենք հայտնվել, երբ այդ փաստաթղթում ընդգրկված հիմնական սկզբունքային հարցերը՝ կապված ԼՂ հայերի անվտանգության ապահովման և ԼՂ-ում մնալու մասով չեն իրագործվել, խափանվել են։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Նա նշեց, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մասով կա որոշակի գործընթաց, և այդ տրամաբանության շարունակականության ապահովումը կարևոր է․ «Խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումները արդեն նախորդիվ ժամանակահատվածում ընթացել են, դա է պատճառը, որ Հայաստանը նշում է՝ արդյունավետության հարց կա, մասնավորապես, որպեսզի այս գործընթացը շարունակվի և կրկին չվերադառնանք զրոյական կետի և նորից սկսենք սկզբունքային հարցերի շուրջ քննարկումները»,-ասաց նա։

Խանդանյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների․ «Ցավոք սրտի, վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանն է խուսափում բանակցություններից և չի մասնակցում դրանց։ Մեր ակնկալիքը մեր գործընկերներից այն է, որ նրանք Ադրբեջանին բերեն բանակցությունների սեղանի շուրջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ