Միջազգային իրավական կարգը կառուցված է հակամարտությունները կանխելու, քան դրա դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Capture

Երբ Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ, մենք բախվեցինք մարդկային տառապանքների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, գերեվարման և բռնի անհետացման, անհայտ կորածների, գերիների և խաղաղ բնակիչների սպանությունների, իրենց տներից զրկված տասնյակ հազարավոր մարդկանց զրկանքների տխուր իրողությունների հետ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Երևանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի նիստում ասել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Ավելի քան մեկ ամիս առաջ մենք ականատես դարձանք Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային տեղաշարժին Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան։ Այսպիսով, այն իրողությունները, որոնց բախվել է Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում, դրդել են Հայաստանին շատ ակտիվ լինել միջազգային իրավական մեխանիզմների կիրառման առումով»,- ընդգծել է Կիրակոսյանը։

Ըստ նրա, մասնավորապես, Հայաստանը շատ ակտիվ է եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի դեմ գործեր հարուցելու հարցում։

Այս առնչությամբ նա նշել է այն հայտարարությունները, որոնք վերաբերում են մարդու իրավունքների ոտնահարման տարբեր դեպքերին, այդ թվում՝ փոքրամասնությունների իրավունքը և տարբեր տեսակի այլ իրավունքներ՝ սեփականության, կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից ազատության և իրավունքի շատ այլ տեսակներ:

«Հնարավոր է, որ Հայաստանն անցել է այս փորձությունների միջով վերջին երեք տարիների ընթացքում, բայց ես կարծում եմ, որ դա հեշտ չէր ամբողջ մոլորակի համար, քանի որ մենք ունենք շատ ու շատ հակամարտություններ, որոնք բռնկվում են երկրագնդի տարբեր կետերում, իսկ սառեցված հակամարտությունները պայթում են եվրոպական մայրցամաքում և այլ վայրերում, և դա մեզ շատ է անհանգստացնում։ Սա փորձության է ենթարկում միջազգային իրավական կարգը՝ տեսնելու, թե ինչ կարող է անել միջազգային իրավական կարգը այս հակամարտությունները լուծելու համար»,- ընդգծել է Եղիշե Կիրակոսյանը։

Միևնույն ժամանակ, Հայաստանի ներկայացուցիչը համաձայնել է նախորդ բանախոսներից մեկի հետ, որ կարևոր է, որ միջազգային իրավական կարգը կառուցված է ավելի շատ այդ հակամարտությունները կանխելու, քան թե ակտիվ հակամարտության դեմ պայքարելու համար:

--00—ՅՄ