Եվրոպայի խորհրդի կոնգրեսը կհետևի Երևանի ավագանու ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

եխ

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը դիտորդական առաքելություն է իրականացնելու Երևանում կայանալիք ավագանու ընտրություններում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոնգրեսը հայտնել է, որ 9 հոգանոց պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականցվի սեպտեմբերի 15-ից 18-ը, Երևանի 12 ընտրատարածքներում։

Նախքան ընտրությունների օրը Կառլա Դեժոնգեի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Տարածքային կառավարման նախարարության և Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, նախատեսված են հանդիպումներ Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության, դիվանագիտական կորպուսի անդամների, ինչպես նաև տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

«Պատվիրակությունը նաև մտքերի փոխանակում կանցկացնի այս ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և թեկնածուների հետ», - նշված է հայտարարությունում։

Ընտրությունների օրը Կոնգրեսի յոթ թիմեր պատահականության սկզբունքով կտեղակայվեն Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում՝ ընտրատեղամասերում ընտրությունների ընթացքին հետևելու համար:

Պատվիրակությունը Կոնգրեսի կայքում նախնական եզրակացությունների շուրջ հայտարարություն կհրապարակի 2023 թ․ սեպտեմբերի 18-ին:

Պատվիրակության անդամները տարբեր երկրներից են, մասնավորապես՝ Բելգիայից, Դանիայից, Հունգարիայից, Վրաստանից, Շվեդիայից, Սերբիայից, Լատվիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից։

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։

 --00—ԼՀ