Փաշինյա՛ն, դու ո՞վ ես եղել, ինչո՞ւ հարցը չես լուծել, եթե ասում ես՝ Շուշիի մասով ԳՇ-ն սխալ է զեկուցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Ադրբեջանը կասկածելի շարժեր է իրականացնում Քարվաճառից դեպի Քաշաթաղ, այսինքն՝ դեպի հարավ, այս իրավիճակը նվազագույն ռիսկեր է ստեղծում հնարավոր գործողությունների համար: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով սահմանային լարվածության մասին:

«Այս փուլում ռազմական մեծ գործողություններ չեն լինի, բայց տեղային ճնշումներ հնարավոր է լինեն բանակցություններում ցանկալի արդյունքի հասնելու համար: Կուտակումների եղած քանակությունը թույլ չի տալիս ասել, որ մասշտաբային գործողություններ կլինեն, բայց հավանականություն կա, որ երկու ուղղություններով էլ՝ Արցախ, Հայաստան, կլինեն քայլեր»,-նշեց պատգամավորը:

Աբրահամյանի համոզմամբ, այս ճնշումները Արցախի վրա Ադրբեջանն իրականացնում է, քանի որ իրենց սկզբունքներին հավատարիմ են մնում՝ ինքնորոշման իրավունքի համար պայքար, պետական համակարգը պահպանելու վճռականություն: Անդրադառնալով այն տեղեկություններին՝ որ ԱՄՆ-ն ստիպում է Արցախին երկխոսել Բաքվի հետ, այլապես հակաահաբեկչական գործողություններ կիրականացվեն, պատգամավորը նշեց. «ԱՄՆ-ի այդ հայտարարությունից իմ տպավորութունն այն է, որ եթե Արցախը չհամաձայնվի ամերիկյան խաղի կանոններին կամ իրենց առաջարկած հարթակի շրջանակներին, ԱՄՆ-ն աչք կփակի Ադրբեջանի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների վրա:

Ադրբեջանցիները Արցախի ՊԲ-ն ապօրինի ահաբեկչական կառույց են հռչակել, ասում են, որ կվերացնեն այն, եթե ԱՄՆ-ն ակնարկում է, որ կխրախուսեն դա, ապա ԱՄՆ-ի դիրքորոշումը ապակառուցողական է և չի բխում ԱՄՆ-Հայաստան հարաբերություններից, եթե սխալ ենք հասկացել, ուրեմն պետք է պարզաբանեն, որ երկիմաստ չընկալվի»:

Խոսելով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարության մասին, որ ԳՇ-ի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի տեղեկությունները տարբեր են եղել և դա եղել է մոտ տասը անգամ, Աբրահամյանը նկատեց, որ դա նշանակում է, որ պետական ինստիտուտները չեն գործել կամ Փաշինյանը չի ճշտել, թե ինչ իրավիճակ է, իր խոսքից պարզ է դառնում, որ պետք է իրավական գործընթաց ընթանա:

«Նա պետք է իրավապահների հարցերին պատասխանի, այլ ոչ թե ընդդիմությանը, նա խոսել է իր հանցավոր անգործության մասին: Եկել է որպես երրորդ դեմք ու ասում է՝ ԳՇ-ն ճիշտ չի զեկուցել, բա դու ո՞վ ես եղել, դու ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չէիր, երկրի գլխավոր գերագույն հրամանատարն էիր, ինչո՞ւ չես պարզել: Պատերազմի օրերին մեծ թվով իր քաղաքական թիմակիցներ Արայիկ Հարությունյանի սենյակում և բունկերներում թրև էին գալիս և տեղեկություններ իմանում»,- ավելացրեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ