Բրյուսովի ռեկտորի խորհրդականի խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումը․ գործը դատարանում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

նկար

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված ենթադրյալ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական գործը 2023 թվականի մարտի 1-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, այդ մասին հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության վերաբերյալ հաղորդման առթիվ՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Վարույթով պարզվել էր, որ Գ. Թ.-ն, զբաղեցնելով Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդականի պաշտոնը, համալսարանի վարչական շենքում հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ բարձրաձայն հնչեցրել էր անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ:

2022 թվականի դեկտեմբերի 27-ին հսկող դատախազը քրեական հետապնդում էր հարուցել Գ. Թ.-ի նկատմամբ. Գ. Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

--00—ԼՄ