Անդրեասյանին և Գյուրջինյանին հրավիրում եմ բաց բանավեճի՝ քննարկելու իրենց պատճառով առաջացած քաոսը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

gg

Բրյուսովի պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը գրում է․

«ՔԱՈ՛Ս, ՔԱՈ՛Ս, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Ինչպես գիտենք, Ամանորի նախօրեին՝ 2022թ. դեկտեմբերի 30-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի քմահաճույքով «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 10 անդամները հրաժարականի դիմում ներկայացրեցին, ինչի արդյունքում լուծարվեց իրենց համար ոչ ցանկալի, օրինական ճանապարհով ձևավորված հոգաբարձուների խորհուրդը:

Ճգնաժամից խուսափելու նպատակով բուհը, սահմանված կարգի համաձայն, անցկացրեց հոգաբարձուների խորհրդի անդամների նոր ընտրություններ, ինչը, սակայն, այդպես էլ չհաստատվեց՝ նիստին բացակայած Գիտական խորհրդի անդամներից մեկի անհիմն բողոք-դիմումի պատճառով: Չնայած կեղծ խոստումներին՝ տիկին նախարարը չձևավորեց նոր հոգաբարձուների խորհուրդ՝ այդպես էլ չտալով այն հարցի պատասխանը, թե վերջիվերջո ի՞նչ խախտում էր եղել այդ ընտրությունների ընթացքում: Ի դեպ, առանց որևէ հիմնավորման այդպես էլ չհաստատվեց նաև ուսանողական համակազմը:

2023թ. մարտի 9-ին «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ձևավորվեց ԲՊՀ ժամանակավոր խորհուրդը, որի գործունեության ժամկետը ըստ նույն հոդվածի պետք է լիներ 6 ամիս: Ժամանակավոր խորհուրդը ս.թ. մարտի 15-ին կատարեց իր «սև գործը». խախտելով բուհի կանոնադրությունը՝ ռեկտորի ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ պաշտոնակատար նշանակեց Դավիթ Գյուրջինյանին: Բոլորի համար պարզ է, որ այդ ժամանակավոր խորհրդի միակ նպատակը Դ. Գյուրջինյանին ռեկտոր կարգելն էր, քանի որ այլ ճանապարհով դրա իրականացումը անհնար էր:

Ինչպես արդեն նշեցի, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ժամանակավոր խորհուրդը պարտավոր էր վեցամսյա ժամանակահատվածում ձևավորել բուհի հոգաբարձուների խորհուրդ: Սեպտեմբերի 9-ին լրացավ այդ վեցամսյա ժամկետը և բուհը այդպես էլ հոգաբարձուների խորհուրդ չունեցավ: Փաստորեն՝ ժամանակավոր խորհուրդը տիկին նախարարի գլխավորությամբ դրսևորեց հերթական անգործությունը՝ խորացնելով բուհի կառավարման ճգնաժամը:

Այսքանից հետո տիկին նախարարը և նրա նշանակած ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԸ բուհում առաջացած կառավարման ճգնաժամը անամոթաբար բարդում են ուրիշների վրա: Դեռ ավելին, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԸ, փոխանակ մտահոգվի այս կարևոր հարցերով, զբաղված է քրեական գործեր «հորինելով» և ինձ աշխատանքից ազատելու սպառնալիքներ հնչեցնելով: Այսքանից հետո հարց է առաջանում՝ սրանք թքա՞ծ ունեն օրենքների վրա, թե՞ 10 հոգի հավատարիմ մարդ չեն գտնում հոգաբարձուների խորհրդում ընդգրկելու համար:

Հաշվի առնելով այն, որ տիկին նախարարը և ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԸ, օգտվելով իմ բացակայությունից, փորձում են քավության նոխազ դարձնել նաև ինձ, երկուսին էլ հրավիրում բաց բանավեճի՝ քննարկելու իրենց իսկ պատճառով կրթական համակարգում առաջացած քաոսը: Ի դեպ, պատրաստ եմ բանավիճել ցանկացած վայրում ցանկացած լրագրողի ներկայությամբ:

Հ.Գ. Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը շնորհակալ է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանին, որ համալսարանը այսօր չի լուծարվում: Եթե Արման Թաթոյանը ժամանակին «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության 2-րդ կետի և 4-րդ պարբերության սահմանադրականությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների մասով վիճարկած չլիներ ՀՀ Սահմանադրական դատարանում, համալսարանն այսօր տիկին նախարարի անգործության արդյունքում կլուծարվեր:»։

 

--00—ԱՊ