Նոյեմբերի 1-ից ընտանեկան, սոցնպաստի իրավունքը կորցրած 3000 ընտանիք կշարունակի օգնություն ստանալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

ԱՍՀՆ

2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման հետևանքով 2022 թ․ նոյեմբերի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ։ Միաժամանակ, կվերականգնվի տվյալ ընտանիքների 2022 թ․ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների նպաստի իրավունքը: Նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։  Հաղորդում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ 

Ըստ այդմ, 2022 թվականի սեպտեմբերի 1-ից վերոնշյալ կենսաթոշակների և նպաստների բարձրացված չափերն ու 2023 թվականի հնարավոր բարձրացումները նպաստառու ընտանիքների ամբողջական եկամտի կազմում չեն հաշվարկվի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը։ 

Այսպիսով, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձինք կշարունակեն ստանալ նպաստ մինչև ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը։