Միայն Սփյուռքն է պաշտպանում հայկական շահը և հենց դա էլ խանգարում է Էրդողանին Հայաստանի հետ հարցում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Դ

 

Առաջին անգամը չէ, որ թուրք ղեկավարները սփյուռքին մեղադրում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը խանգարելու մեջ։ Այս մասին 24News-ին ասաց «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ ու խմբագիր, ամերիկաբնակ լրագրող Հարութ Սասունյանը՝ անդրադառնալով Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին։

Թյուրքական պետությունների կազմակերպության իններորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ուզբեկստանի Հանրապետության Սամարղանդ քաղաք մեկնելուց առաջ՝ երեկ, Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում կրկին նշել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։ Նշելով, որ չի կարող հստակ հայտարարություն անել Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում ձեռքբերված կետի մասին՝ Էրդողանն ընդգծել էր, որ Թուրքիան մտադիր է բարեկամներ ձեռք բերել, ոչ թե թշնամիներ։

«Հուսով եմ, որ եթե Հայաստանի վարչակազմին հաջողվի դա, ապա այն քայլերը, որոնք նրանք կձեռնարկեն Ադրբեջանի հետ թե՛ Լաչինի, թե՛ Զանգեզուրի հետ կապված, դրականորեն կազդեն մեր ձեռնարկած քայլերի վրա»,- նշել էր նա է։ Թուրքիո նախագահը նաև հայկական սփյուռքին մեղադրել էր հայ-թուրքական երկխոսությանը խոչընդոտելու մեջ․ «Սփյուռքն աշխատում է կարգավորման գործընթացի դեմ թե՛ Ֆրանսիայում, թե՛ ԱՄՆ-ում․ իհարկե, դա բացասաբար է անդրադառնում գործընթացի վրա»։

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանն ասաց, որ թե՛ Էրդողանը, թե՛ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, թե՛ Էրդողանի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը վերջին ամիսներին այսպիսի հայտարարություններ են անում՝ քննադատելով Սփյուռքին ու գովաբանելով Հայաստանը։

«Մեծապես զգացված ենք, որ Թուրքիո ղեկավարությունն այսպիսի կարևորություն է տալիս Սփյուռքին․ սա առաջին։ Երկրորդ՝ երբ որ Էրդողանն ասում է՝ «Հայաստանի հետ կարողանում ենք լեզու գտնել, բայց Սփյուռքը մեզ խանգարում է», դա շատ լավ է։ Նշանակում է, որ Էրդողանը գնահատում է Սփյուռքի ազդեցությունը հայկական հարցերի մեջ և նաև անուղղակիորեն ասում է, որ Հայաստանի ղեկավարները արդեն պատրաստ են, համաձայն են Թուրքիայի հետ ամեն ինչի, բայց Սփյուռքը խանգարում է։ Խանգարել ասելով՝ նկատի ունեմ, որ Սփյուռքն է միակ մարմինը, միավորը, որը պաշտպանում է հայկական շահը, Հայ դատը, երբ որ Հայաստանի իշխանությունները զիջումներ են անում և տեղի են տալիս հայկական շահերին», - ընդգծեց Հարութ Սասունյանը։

Սփյուռքահայ լրագրողը հավելեց, որ լավ է, թող թուրքական կողմը զգուշանա, վախենա, որ չի կարող պարտադրել այն, ինչ ուզում է․ «Սփյուռքը միշտ արթուն է, կանգուն է։ Պետք է չթողնի, որ այդքան չարչարանքներից հետո Հայ Դատի աշխատանքերն իզուր լինեն»։

Երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 30 րոպեանոց ելույթով անդրադարձել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։ Փաշինյանը նշել էր, որ Ադրբեջանը խախտում է ձեռքբերված պայմանավորվածությունները, Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանությանն է պատրաստվում, իր գործելակերպով հիշեցնում է «Ալ Քաիդային» և «Իսլամական պետությանը և այլն։ Ալիևը Շուշիում ասել էր, որ Հայաստանը պետք է իմանա, թե Ադրբեջանի բանակն ավելի ուժեղ է, քան երկու տարի առաջ, Բաքուն ոչ ոքից չի վախենում, որ ներկայիս շրջանակներում Ադրբեջանին զսպում է ոչ թե Հայաստանի ինչ-որ հովանավորի հայտարարություն, այլ Բաքվի սեփական քաղաքականությունը:

Հաշիվ առնելով Ալիևի և Փաշինյանի հայտարարությունները՝ արդյոք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի կմտնի՞, Սասունյանի կարծիքով՝ կարող են փակուղի մտնել, կարող են ինչ-որ լուծումից հասնել։ «Եթե ՀՀ իշխանություններն անեն բոլոր զիջումները, որոնք Էրդողանը պահանջում է, և ասեն՝ «այո», երկու կողմերը կհամաձայնվեն։ Իսկ եթե պինդ կանգնեն ու պաշտպանեն հայկական շահերը, հայ-թուրքական խոսակցություններն ի դերեւ կելնեն և ոչ մի արդյունքի չեն հասնի։ Գլխավորն այն է, թե մինչև ուր կհասնի վարչապետ Փաշինյանը՝ զիջումներ անելով ի նպաստ Թուրքիայի», - եզրափակեց Հարութ Սասունյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ