3000 դրամը մեծ չի թվում, սակայն տոկոսային առումով նշանակում է 16.6% բարձրացում, ինչը քիչ չի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

96

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով կենսաթոշակներն ու նպաստները բարձրացնելու Կառավարության որոշմանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ինչպես արդեն հայտարարվեց, 2022թ. սեպտեմբերի 1-ից կբարձրացվեն կենսաթոշակները և նպաստները:



Քանի որ աչքովս ընկան որոշ հեգնական և քննադատական գրառումներ, որոշ պարզաբանումներ ներկայացնեմ կենսաթոշակների վերանայման վերաբերյալ:

3000 հազար դրամով (18 հազարից 21 հազար) ավելանում է ոչ թե միջին, այլ ՀԻՄՆԱԿԱՆ (բազային) կենսաթոշակի չափը, որի հիման վրա հաշվարկվում է աշխատանքային կենսաթոշակը:

Այսինքն, այն հիմնական թոշակը, որի վրա կախված ստաժից գործակիցներ են կիրառվում, և մարդը ստանում է ավելի շատ: Սա նշանակում է, որ միջին կենսաթոշակն ավելանում է ԱՌՆՎԱԶՆ 3000 դրամով:

Բացարձակ առումով 3000 դրամն իհարկե մեծ թիվ չի թվում, սակայն տոկոսային առումով սա նշանակում է 16.6% բարձրացում, ինչը քիչ չի:

 Սա միջանկյալ բարձրացում է՝ սեպտեմբերի 1-ից: 2023 թվականի հունվարի 1-ից ևս մեկ անգամ թոշակները կվերանայվեն, ինչպես հայտարարվել է:

Կառավարությունը իր 2021-2026թթ. ծրագրով խոստացել է, որ մինչև 2026 թվականը

միջին կենսաթոշակը բարձր կլինի սպառողական զամբյուղի արժեքից,

իսկ նվազագույն կենսաթոշակը՝ պարենային զամբյուղից:



ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ, թե որքան կարժենան պարենային և սպառողական զամբյուղները:



Սա նշանակում է, որ կենսաթոշակներն ավելի արագ են աճելու, քան սպառողական զամբյուղի արժեքը:

Սա նշանակում է, որ թոշակառուն իր թոշակով կկարողանա հոգալ գոնե մինիմալ կարիքները:

Որքան էլ ոմանց սա դուր չգա, որքան էլ նեղվեն, որ կառավարությունը անելու է այն, ինչ իրենց 20 տարի չի հաջողվել, մենք ամեն ինչ անելու ենք, որ դա իրականություն դառնա:

--00—ԻԴ