Երևանի և Թեհրանի միջև կստորագրվի գործակցության մասին համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 10, 24News

287276418_588934629255227_7549508221434952888_n.jpg

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:



Ողջունելով հյուրին` քաղաքապետը բարձր է գնահատել Երևանի քաղաքապետարանի և ԻԻՀ դեսպանատան միջև ձևավորված գործակցությունը, նշելով, որ երկուստեք հարաբերությունները գործնական փուլ տեղափոխելու համար առկա է մեծ հնարավորություն: Մասնավորապես, Հրաչյա Սարգսյանը կարևորել է գործակցության հաստատումը երթևեկության կառավարման, աղբի վերամշակման, կանաչապատման ու մշակույթի ոլորտներում:



Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին նկատել է, որ կողմերը լիարժեքորեն չեն օգտագործում գործակցության ամբողջ այն ներուժը, որն օգտակար կլիներ թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար:



Կողմերն անդրադարձել են Երևանի և Թեհրանի միջև նախանշվող գործակցության համաձայնագրի ստորագրմանը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա համատեղ ծրագրեր իրականացնել հստակ բնագավառներում:



Առաջիկայում կձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք փոխայցերի միջոցով կնախապատրաստեն փաստաթղթի ստորագրումը:



--00--ՀԶ