Տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ ՀՀ իշխանությունների օրակարգը կեղծ է. «Զարթոնք» ԱՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Զարթոնք

Տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական օրակարգը կեղծ է, իսկ դրա իրականացումը՝ ոչ իրատեսական: Այս մասին ասված է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի տարածած հայտարարության մեջ:

«ՀՀ իշխանությունների կողմից շրջանառվող տարածաշրջանային կումունիկացիաների ապաշրջափակումը ո՛չ միայն տեսականորեն, այլև գործնականում չի կարող հանդիսանալ տարածաշրջանում խաղաղության հաստատման նախապայման:

Ադրբեջանի հետ ստորագրված պայմանավորվածությունների վրա հույս դնելը ոչ միայն անիրատեսական է, այլ նաև՝ վտանգավոր, ինչի վառ ապացույցն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին և 8-րդ կետերի կոպիտ խախտումները Ադրբեջանի կողմից:  Ըստ գրավոր պայմանավորվածության Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա (1-ին կետ), կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում (8-րդ կետ), մինչդեռ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը ներխուժել է նաև Հայաստանի Հանրապետության տարածք, և առ այսօր բազմաթիվ ռազմագերիներ և պատանդներ գտնվում են Ադրբեջանում:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը  պնդում է, որ հնարավոր չէ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման հասնել, քանի դեռ՝

1. Լուծված չեն գերիների և պատանդների հայրենադարձման, ինչպես նաև զոհվածների մարմինների վերադարձի հարցերը.

2. Լուծված չէ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը (ճանաչված չէ Արցախի Հանրապետությունը).

3. Լուծված չեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցերը.

4. Թուրքիան չի ճանաչել և դատապարտել 1915 թվականի ցեղասպանությունը:

Հայաստանի և Արցախի շահերի դեմ ուղղված ցանկացած գործողություն պետք է մերժել:

Երբ իշխանության և ընդդիմության բոլոր ջանքերը կուղղվեն այս հարցերի լուծմանը, ապա կունենանք ազգային զարթոնք»,- ասված է հայտարարության մեջ:

--00--ԱԹ