Իշխանության կազմակերպմամբ ապաշրջափակումը կործանարար է լինելու Հայաստանի և Արցախի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Զարթոնք

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները խոսելով նույն գործընթացի մասին, դրան տալիս են սկզբունքորեն տարբեր անվանումներ. Ադրբեջանի իշխանությունը գործընթացն անվանում է պատմական միջանցքի վերականգնում, իսկ Հայաստանի իշխանությունը` կոմունիկացիաների ապաշրջափակում:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը գտնում է, որ ՍՅՈՒՆԻՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԻՋԱՆՑՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է, իսկ կոմունիկացիաների ապաշրջափակումն այս փուլում վտանգավոր է և հակասում է Հայաստանի ու Արցախի շահերին, հետևյալ պատճառաբանությամբ.

1. Լուծված չեն գերիների և պատանդների հայրենադարձման, ինչպես նաև զոհվածների մարմինների վերադարձի հարցերը.

2. Լուծված չէ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը.

3. Լուծված չեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցերը.

4. Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը շարունակում է հայատյաց և զավթողական քարոզչությունը:

Այս պայմաններում, առնվազն սեփական ժողովրդի շահերի դեմ պետք է գործես, եթե չես ցանկանում տեսնել կամ լսել թշնամի պետության ցանկությունները: Հիշեցնենք, որ դեռևս 2007թ. մարտի 10-ի ադրբեջանական և թուրքական սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների առաջին համաշխարհային ֆորումի բացման ժամանակ Ի. Ալիևն իր ելույթում ասել է. «Նպատակ ունենալով դուրս մղել ադրբեջանցիներին իրենց պատմական հողերից, այդ տարածքներում առասպելական «Մեծ Հայաստան» ստեղծելու համար հայերը տասնամյակներ շարունակ ադրբեջանական և թուրքական ազգերին պարբերաբար ենթարկում էին գաղափարական, ռազմական և մշակութային ագրեսիայի…: 1918թ. ադրբեջանական հողերի վրա ստեղծվել է հայկական պետությունը, որին զիջել են որպես մայրաքաղաք՝ Իրևանը՝ Ադրբեջանի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը»:

Հայաստանի գործող իշխանությունն ի վիճակի չէ Ադրբեջանի հետ հարաբերություններում արդյունավետ ներկայացնել Հայաստանի շահերը: Դրա վառ ապացույց են 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո նույնիսկ այդ փաստաթղթի մեջ եղած հայանպաստ պայմաններին տեր չլինելը: Ի հակասումն 09.11.2020թ. փաստաթղթի Հայաստանի իշխանությունը զիջել է Ադրբեջանին Սյունիքի մարզի հարևանությամբ գտնվող այն տարածքները, որոնք հայկական ուժերի հսկողության ներքո էին և Սյունիքի մարզի համար անվտանգության գոտին էին ապահովում: Ի հակառակ այն պայմանավորվածության, որ յուրաքանչյուրը մնում է իր զբաղեցրած դիրքերում, Հայաստանի իշխանությունը լքել է այդ դիրքերը: Մենք ականատես ենք եղել նաև Շուռնուխ գյուղի, Որոտանի ճանապարհի զիջումների գործընթացներին, ինչի արդյունքում ադրբեջանական ուժերը լկտիաբար վերահսկում են Սյունիքի հետ կապող հիմնական ճանապարհը:

Զարթոնք կուսակցությունը վստահ է, որ գործող իշխանության կազմակերպմամբ ապաշրջափակումը կործանարար է լինելու Հայաստանի և Արցախի համար:

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական միավորներին, անհատներին, թույլ չտալ այս կործանարար գործարքը»:

--00--ԱԹ