ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Ռումինիայի ALDE կուսակցության ղեկավար, Ռումինիայի նախկին վարչապետ, Սենատի նախկին նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում բռնությունների էսկալացիայի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կալին Պոպեսկու-Տարիչեանուն գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում բռնությունների էսկալացիայով. բռնություններ, որոնք պատճառել են բազմաթիվ կորուստներ զինվորականների և խաղաղ բնակիչների շրջանում, ինչպես նաև հասցրել են զգալի նյութական վնասներ՝ ներառյալ պատմական և կրոնական որոշ հուշարձանների ոչնչացումը: Տեղյակ եմ Հայաստանի և Ադրբեջանի կողմից 2020թ. հոկտեմբերի 10-ին, մարդասիրական նպատակներով, հրադադարի հաստատման հանձնառության մասին: Հուսով եմ, որ այս հանձնառությունը կհարգվի անմիջապես և միանշանակորեն՝ որպես իրավիճակը մեղմելու առաջին քայլ: Կարծում եմ, որ ռազմական գործողությունների անհապաղ և անվերապահ դադարեցումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների վերսկսումը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան, միակ հնարավորությունն է հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը և տարածքում կայունության մթնոլորտի վերականգնմանը »,-գրել է նա:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
Աղբյուրը՝ «Արմենպրես»։
--00—ՄՀ