Սաղաթելյանի անունից Արարատ լեռան նկարը փոխանցվել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահին
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Ապրիլի 23-ին Ուրուգվայի Խորհրդարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ կազմակերպված Ուրուգվայի Խորհրդարանի նախագահի և Հայ դատի հանձնախմբի կողմից։
Միջոցառմանը ներկա էին Խորհրդարանի ղեկավարությունը, Ուրուգվայի փոխնախագահ Կարոլինա Գոսսեն, երկրի քաղաքական ղեկավարության, դիվանագիտական ներկայացուցչությունների և հայ համայնքների ներկայացուցիչներ։
Ի երախտագիտություն Ուրուգվայի պետության և ժողովրդի, ինչպես նաև Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 60 ամյակի, նաև Ուրուգվայի խորհրդարանի ձևավորման 100-ամյակի կապակցությամբ Հայաստան-Ուրուգվայ միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Իշխան Սաղաթելյանի անունից Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահին է փոխանցվել հայրենի վաստակաշատ գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանի «Արարատն աշնանը» կտավը։ Բացի այդ, միջոցառման ընթացքում ընթերցվել է նաև Իշխան Սաղաթելյանի ուղերձը Ուրուգվայի Խորհրդարանին՝ Հայաստան-Ուրուգվայ միջպետական հարաբերությունների վերաբերյալ, որում, ի թիվս այլնի, ընդգծվել է Ուրուգվայի բացառիկ դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում։
–00—ՅՄ