Ինքնաթիռների ուղևորների՝ ելքի համար սահմանված պետտուրքի չվճարման արտոնությունը կերկարաձգվի. «Փաստ»
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում: 2019 թ. դեկտեմբերի 9-ին ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-258-Ն օրենքի ընդունմամբ «Պետական տուրքի մասին» ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածում կատարվեց լրացում, համաձայն որի, օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, որոնք առևտրային ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների միջոցով մեկնում են առաջին թռիչքի մեկնարկի պահին նախորդող վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով օդանավակայաններ, օգտվում են օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետով սահմանված օդային ուղևորների ելքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնությունից։
Օրենքում նշված լրացման արդյունքում միջազգային բյուջետային, ինչպես նաև տեղական (այդ թվում՝ նոր ստեղծված) և միջազգային դասական ավիաընկերություններ սկսեցին մինչ այդ չսպասարկված ուղղություններով չվերթեր իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կամ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի նոր ուղղություններ։
Ուղևորահոսքի աճի բարձր տեմպը պահելու, ինչպես նաև արդեն իսկ հաստատված նոր ուղղություններով չվերթերի հաճախականությունների բարձր մակարդակը ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսված օդային ուղևորների ելքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնության տրամադրման ժամկետի երկարաձգումն իրականացնել մեկ և ավելի անգամ՝ ամեն անգամ 24 ամիս ժամկետով՝ ապահովելով երկարաձգման համար անհրաժեշտ պահանջների կատարումը՝ համաձայն որոշման։
Ակնկալվում է ապահովել երկու տասնյակից ավելի ուղղություններով, որոնցով օդային ուղևորները օգտվում են օրենքով նախատեսված օդային ուղևորների ելքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնությունից, իրականացվող չվերթերի շարունակականությունը և ուղևորահոսքի բարձր մակարդակը։
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
–00—ՍՊ