Վարդավառը նշվում էր Ստեփանակերտի Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում` շրջափակման ժամանակ

27/07/2025 18:57 Արցախ
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ հինգ տաղավար տոներից մեկը, որը խորհրդանշում է Աստվածային Լույսի հայտնությունը մարդկությանը, հավատքի զորությունը և հոգևոր վերափոխման ուղին։ Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով։ Սակայն, ցավով պետք է նշենք, որ այս սուրբ օրը Արցախում հնարավոր չէ նշել։ Պատմական հայկական այս հողում, որտեղ դարեր շարունակ հայ ժողովուրդը պահպանել է իր հավատը, կառուցել եկեղեցիներ և ապրել իր հոգևոր կյանքի համաձայն, այսօր արցախցիները զրկված են այդ ամենից։ Նրանք զրկված են իրենց հողի վրա ապրելու, հավատքը դավանելու և ազգային-եկեղեցական ավանդույթները շարունակելու հիմնարար իրավունքից։

Եվ սա այն պարագայում, երբ միջազգային կոնվենցիաներում կան բազմաթիվ ամրագրված դրույթներ` ազգերի և ժողովուրդների խղճի ու դավանանքի ազատության վերաբերյալ։ Այսօր Արցախում, որտեղ հայ ազգը դարերով կառուցել է եկեղեցիներ ու վանքեր (որոնք իրենց ճարտարապետությամբ համաքրիստոնեական արժեքներ են), ադրբեջանական պետությունը ջնջում է մեր քաղաքակրթական հետքերը։

Այսօր արցախցին իր հազարամյակների բնօրրանից բռնի տեղահանված , իր իրավունքների համար պայքարող ժողովուրդ է, իսկ աշխարհը լուռ է։ Եվ դրա բացատրություններից մեկն այն է, որ այսօրվա աշխարհում ոտնահարված է անգամ Միջազգային իրավունք հասկացությունը, որի բանաձևերին որքան էլ հղումներ արվեն, միևնույն է, տիրապետող գործոնը երկակի ստանդարտներն են։

Լուսանկարներում պատկերված է, թե ինչպես է Վարդավառը նշվում Ստեփանակերտի Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ժամանակ։ Այս տաճարը, ինչպես նաև Արցախի ողջ պատմամշակութային ժառանգությունը, կանգնած է ոչնչացման և ձևախեղման իրական վտանգի առաջ։

Լուսանկարների հեղինակ` Էդգար Քամալյան