Ռուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել Կիևին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

Գիշերը ռուսական ուժերն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ են հասցրել Կիևին։ 23 մարդ վիրավորվել է։ Վնասվել է Կիևի երկաթգծային ենթակառուցվածքը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ երկրի վրա է արձակվել 539 ԱԹՍ։ Կիրառվել է նաև 6 «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ, 4 «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ և 1 «Կինժալ» X-47 M2 աերոբալիստիկ հրթիռ։ 478 օդային թիրախները խոցվել են ՀՕՊ համակարգերի կողմից։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այս գիշերվա հարվածները բնութագրել է որպես ամենալայնածավալ օդային հարվածներից մեկը։ Նա նշել է, որ երկրում օդային տագնապի ազդանշաններ են հնչել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մեկնարկի հետ գրեթե միաժամանակ։
Ըստ Ուկրաինայի ղեկավարի՝ հարվածների գլխավոր թիրախում է հայտնվել մայրաքաղաքը. Կիևում օդային տագնապի ազդանշանները դադարել են միայն առավոտյան ժամը 9-ին։ ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է երկրի տարածքում 48 ԱԹՍ կալանելու մասին։
Ռոստովի մարզում ԱԹՍ-ների հարվածներից մեկ կին է զոհվել, վնասվել է երկհարկանի տուն, շուրջ 2000 մասնավոր տուն մնացել է առանց էլեկտրականության։ Նոր հարվածներ են հասցվել Ուդմուրտիային՝ այս շաբաթ արդեն երրորդ անգամ։
Հուլիսի 1-ի հարձակման հետևանքով Իժևսկում 3 մարդ էր զոհվել, 30-ից ավելին՝ վիրավորվել։ Ընդհանուր առմամբ, հուլիսի 4-ի դրությամբ, ուկրաինական հարվածներից Ուդմուրտիայում վիրավորների թիվը հասել է 50-ի։
—00—ՄԱ