Մակրոնը մեկնաբանել է Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը

04/07/2025 18:01 Միջազգային

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ Մոսկվայի հետ քննարկումներում առաջընթաց չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BFMTV հեռուստաալիքի եթերում այսպես է նա մեկնաբանել իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցը։

«Փարիզի և Մոսկվայի միջև դեռևս կան տարաձայնություններ Ուկրաինայի հարցում։ Չեմ կարող ասել, որ քննարկումներում որևէ առաջընթաց է գրանցվել, քանի որ նախ անհրաժեշտ է հասնել համաձայնության հրադադարի և բանակցությունների վերսկսման վերաբերյալ», – ասել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ «հրադադարը պետք է ապահովի ուղի դեպի խաղաղություն»։

Մակրոնը կարևոր է համարել Պուտինի հետ Իրանի հարցի շուրջ կապի պահպանումը։

«Ես զանգահարեցի նրան նախ և առաջ իրանական հարցը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պահպանելու անհրաժեշտությունը քննարկելու համար։ Նա իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու։ Շատ կարևոր էր ստանալ այս համաձայնությունը, քանի որ Ֆրանսիան նույնպես պատասխանատու է կայունության ապահովման համար», – նշել է Մակրոնը։

–00—ՅՄ