Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների աջակցությունը խաղաղության հաստատման ջանքերին․ փոխվարչապետ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 2-ին մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Միջոցառմանը մասնակցել է նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Մհեր Գրիգորյանը իր և կառավարության անունից շնորհավորել է տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին ու կառավարությանը խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց:
Փոխվարչապետն ընդգծել է, որ 2025 թվականի սկիզբը նշանակվորվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունների ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացմամբ՝ նշելով Վաշինգտոնում ստորագրված Ռազմավարական գործընկերության կանոնադրությամբ երկու երկրների միջև համագործակցության խորացման վերահաստատված հանձնառություն:
«Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին: Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմիցս վերահաստատել է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա»,- նշել է փոխվարչապետը՝ ընդգծելով նաև, որ խաղաղության միջավայրը մեծ հեռանկարներ կբացի նաև օտարերկրյա ներդրումների համար՝ ձևավորելով բիզնեսի համար կայուն, կանխատեսելի և շահութաբեր միջավայր
—00—ՍՊ