ՌԴ-ի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից կան նոր զոհեր և վիրավորներ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակել են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին, երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ գիշերը երկրի վրա է արձակվել 52 անօդաչու թռչող սարք, որոնցից 40-ը խոցվել է, 7 վայրերում գրանցվել են հարվածներ:
Պոլտավայում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել, վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը: Բնակելի մասնավոր տանը հրդեհ է բռնկվել:
Իսկ Օդեսայում ռուսական հարվածների հետևանքով վնասվել են բնակելի տներ, լուրջ վնասներ է կրել 9-հարկանի բնակելի մի շենք, որտեղ հրդեհ է բռնկվել: Բնակիչները տարհանվել են: 4 մարդ վիրավորվել է:
Իր հերթին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելգորոդի, Վորոնեժի, Լիպեցկի, Կուրսկի մարզերում, ինչպես նաև Ղրիմում ուկրաինական 69 ԱԹՍ խոցելու մասին: Լիպեցկում ուկրաինական անօդաչուի բեկորներն ընկել են մասնավոր տան վրա, 1 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել:
–00—ՅՄ