Ռուսաստանը կհետևի Ադրբեջանում ռուսալեզու դպրոցների հետ կապված իրավիճակին. Զախարովա
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Ռուսաստանն ուշադիր հետևում է Ադրբեջանում ռուսալեզու դպրոցների ենթադրյալ փակման հետ կապված իրավիճակին և կապի մեջ է Բաքվի հետ՝ գործողությունները համակարգելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսել ենք որոշ լրատվամիջոցներում հաղորդագրություններ այն մասին, թե, իբր, Ադրբեջանը պլանավորում է փակել ռուսալեզու դպրոցները։ Որոշ ժամանակ անց, հաշվի առնելով անմիջապես առաջացած հարցերի հսկայական քանակը, Ադրբեջանի կրթության նախարարությունը հերքել է այդ տեղեկատվությունը։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, պահպանում ենք շփումները ադրբեջանական կողմի հետ այս հարցի շուրջ», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի» գործակալության հարցին։
Զախարովան հավելել է, որ հերքումը Բաքվի կողմից արվել է ճիշտ ժամանակին, քանի որ այս դեպքում խոսքը միայն «քաղաքական կամ փիլիսոփայական երևույթի մասին չէ. սրանք կոնկրետ մարդկանց ճակատագրերն են»։
«Մենք կշարունակենք համակարգել մեր գործողությունները գործընկերների հետ՝ նման կեղծիքներից և արտահոսքերից վնասը նվազագույնի հասցնելու համար», – եզրափակել է դիվանագետը։
–00—ՅՄ