Վայքում 19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի․ վերջինս հիվանդանոցում մահացել է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

Այսօր՝ հուլիսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:30-ի սահաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 19-ամյա Վանուշ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137 կմ հատվածում՝ Վայք քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Արեն Ե.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկված երեխան էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն:
Դեպքի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Ավետիսյանի գլխավորությամբ: Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վայքի բաժին և հայտնում են, որ երեխան գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
—00—ՄԱ