Արտակ Զեյնալյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

19/06/2025 18:00 Քաղաքական

Արտակ Զեյնալյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը։

Նշենք, որ նրա թեկնածությունն առաջադրվել էր Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։

Ազգային ժողովը հունիսի 19-ին քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հայտնել է, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում ընտրվելու համար Կառավարությունն առաջադրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը:

Արտակ Զեյնալյանի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Թեկնածուի կենսագրական տվյալները՝ այստեղ:

Շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջադրելու համար՝ ՍԴ դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը ներկայացրել է սահմանադրական արդարադատության բարելավման վերաբերյալ իր տեսակետը՝ նշելով, որ ցանկացած պետական մարմին մշտապես կատարելագործման եւ բարելավման տեղ ունի: Նա անդրադարձել է ոլորտային խնդիրների լուծման իր ուղիներին՝ նշելով, որ ընտրվելու պարագայում դրանք կյանքի կկոչվեն:

Թեկնածուն հավաստիացրել է՝ ընտրվելու դեպքում լինելու է անկախ, անկողմնակալ եւ չի ենթարկվելու որեւէ ազդեցության ու ճնշման:

Արտակ Զեյնալյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են թեկնածուի բարեվարքությանը, մասնավորապես՝ մինչեւ առաջադրումը կուսակցական լինելու հանգամանքին, նախկինում ծավալած քաղաքական գործունեությանը, Սահմանադրության փոփոխություններին, անհետ կորած զինծառայողներին, դատարանների անկախության հարցին եւ այլն:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա բարձր է գնահատել թեկնածուի մասնագիտական գիտելիքները, ոլորտում ունեցած մեծ փորձառությունն ու անցած ճանապարհը՝ ՀՀ-ում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպանության համար: «Մենք մեծ վստահության ունենք թե՛ Ձեր մասնագիտական կարողությունների, թե՛ Ձեր արժեքային համակարգի նկատմամբ, ինչն այս դեպքում չափազանց կարեւոր է»,- դիմելով Արտակ Զեյնալյանին՝ ասել է Հայկ Կոնջորյանը:

–00—ՅՄ