Մենք ամեն անգամ պարտվում ենք, երբ ազատագրվելու փոխարեն պատրաստվում ենք պաշտպանության
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գրել է․ «Մենք ամեն անգամ պարտվում ենք, երբ ազատագրվելու փոխարեն պատրաստվում ենք պաշտպանության։
Միամտություն է կարծել, թե Նիկոլ Փաշինյանը երբևէ գնում է ուղիղ բախման՝ առանց մանրամասն հաշվարկված պլանի։ Նրա քաղաքական գործելաոճը երբեք չի եղել ուղղակի կոնֆլիկտային, եթե չունի բոլոր լծակները՝ գործընթացը ի վերջո կառավարելու և շահագործելու համար։ Ահա թե ինչու հոգևոր իշխանության՝ մասնավորապես Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) դեմ պայքարը մեզ պետք է մտահոգի ոչ թե էմոցիոնալ, այլ ռազմավարական մակարդակում։
Փաշինյանը երբեք չի մտնում ուրիշի ստեղծած օրակարգի մեջ(ինչպես դա անում է ընդդիմության մի ստվար մասը), եթե համոզված չէ, որ կարող է այն ծառայեցնել սեփական նպատակներին։ Այս դեպքում էլ նրա նպատակը ոչ թե առերես հակադրություն ստեղծելն է, այլ Եկեղեցու ներսում պառակտում հրահրելը, օրենսդրական կամ կանոնակարգային փոփոխություններով կառույցը կառավարելի դարձնելը և, ի վերջո, վարկաբեկող արշավներով հասարակական աջակցությունը քայքայելը և հնազանդեցնելը։
Նա երբեք կողմնակիցը չէ հանրային համերաշխության և կոմպրոմիսների, իսկ իր կողմից կառավարվող գործընթացներում նա մշտապես սրման կողմնակից է ` ընդհուպ մինչև պայթյուն։
Դեռ 2019-ից սկսած՝ մենք տեսել ենք, թե ինչպես են պետական ռեսուրսները գործի դրվում՝ չեզոքացնելու Սահմանադրական դատարանը, այնուհետև տարբեր դատական ,պետական(ՏԻՄ) ու հանրային ինստիտուտներ։ Նույն տեխնոլոգիան այժմ կիրառվում է Եկեղեցու դեմ, սակայն փաթեթավորումը լինելու է ավելի մեղմ՝ հաշվի առնելով ՀԱԵ համահայկական և միջազգային ընկալումները։ Դրանով նա փորձելու է լեգիտիմացնել գործընթացը։Սա է սցենարը, իմ պատկերացմամբ, որի իրականացումը պետականակործան ու ազգասասան հետևանքներ է ունենանու։
Այս ամենը համադրելով, մեր դառը փորձը աչքի առաջ ունենալով `ժամանակն է ձևավորելու համախմբում ոչ թե որպես պաշտպանության ռեակցիա, այլ որպես նախաձեռնող օրակարգ»։
–00—ՅՄ