Կոստանյանը եթովպական կողմին է ներկայացրել, թե ինչ վիճակ է «Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում»

09/06/2025 20:52 Քաղաքական

Հունիսի 9-ին Ադիս Աբեբայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Եթովպիայի Դաշնային ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եթովպիայի արտաքին գործերի նախարարության պետնախարար Հադերա Աբերան։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերություններում վերջերս արձանագրված դրական զարգացումները, անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, առողջապահության, կարողությունների զարգացման շուրջ համագործակցության խորացմանը և առևտրատնտեսական կապերի ակտիվացման հեռանկարներին։

Զրուցակիցները հանգամանորեն քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում առկա համագործակցությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում և Աֆրիկյան մայրցամաքում տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Վ. Կոստանյանը եթովպական կողմին է ներկայայացրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ միտված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:

–00—ՍՊ