ՔՊ-ն փող է ուզում, որ կրճատի ծառայությունը, ունևոր-չունևորի են բաժանում անձանց, պատկերացում չունեն

27/05/2025 16:55 Քաղաքական

Բանակում բարեփոխումներ անելու և դրական արդյունք ակնկալելու համար առաջին հերթին անհրաժեշտ է տիրապետել զինված ուժերի զարկերակին: Այն իշխանությունը, որը պատկերացում չունի բանակի հիմնադրման առանձնահատկություններին, դրա ինստիտուցիոնալ զարգացմանն ու անցած փուլերին, պարզապես չի կարող առաջադրել լուծումներ, որոնք մեզ կտանեն որակական առաջընթացի, տեխնոլոգիական զարգացման կամ գաղափարական առաջնահերթությունների ճանապարհով: Այս մասին խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հայրենիքի, երկրի պաշտպանության հիմքում առաջին հերթին գաղափարն է, եթե դա անտեսում ես, ոչնչացնում ես, բացառում ես, ապա մնացած գործոնները կամ չեն աշխատի կամ կդառնա խիստ անարդյունավետ:

Զինված ուժերում համալրման, մասնագիտական պատրաստության և բարոյահոգեբանական խնդիրների համատեքստում որպես լուծում գումարային փոխհատուցմամբ ծառայության կրճատում սահմանելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից:

Սոցիալական բևեռացումից մինչև արդարության կոպտագույն խախտումները, որոնք արտահայտվում են իշխանության առաջ քաշած նախաձեռնությամբ, գալիս են լրացնելու առանց այդ էլ ներհասարակական կյանքում տեղ գտած սևերի ու սպիտակների, ունևորների ու չունևորների բազմաթիվ հակադրությունները:

Այն կառավարությունը, որի համար հերոսը հարկ վճարողն է, այլ ոչ թե հայրենիքի պաշտպանության համար զինվորագրված մարդը, արդեն իսկ ջախջախել է զինված ուժերի գաղափարական ողնաշարը:

Բոլոր ժամանակներում էլ ֆինանսները, սոցիալական երաշխիքները եղել են կարևոր գործոն՝ բանակի արդիականացման և մարտական խնդիրների արդյունավետ լուծման տեսնակյունից, սակայն բերել խառնել ու բանակում առկա հիմնարար խնդիրները դիտարկել բացառապես սոցիալական տեսանկյունից, պարզապես վերջնական փակուղի գնացող ճանապարհ է:

Զինված ուժերում համալրման խնդիրները բազմաթիվ գործոններով են պայմանավորված՝ պետության մոտեցումից, արժեքային համակարգի անկումից մինչև սոցիալական խնդիրներ, սակայն վերցնել ու բանակի հիմնական սյուներից մեկը՝ պարտադիր ժամկետային ծառայությունն, այս աստիճանի խեղաթյուրելն իր մեջ ազգային անվտանգության սպառնալիք է պարունակում:

Բանակը փորձադաշտ չէ, որտեղ կարելի է այս կամ այն քմահաճույքը կամ ցանկությունը փորձարկել, այստեղ կան սկզբունքներ, որոնք անխախտելի են. հատկապես որ մեր շուրջ ռազմաքաղաքական իրադրությունն էականորեն չի փոփոխվել և այս փոփոխությունը մեզ առավել խոցելի է դարձնելու:

Պարտադիր ժամկետային ծառայության հարցում իշխանության մոտեցումը մեկ այլ բան ակնհայտ դարձրեց: Զինված ուժերում կոռուպցիոն դրսևորումների, առկա սողանցքների հաղթահարման կամ դրանց նվազագույնին հասցնելու խնդիրն իշխանությունը տապալել է և հիմա ծաղկող արատավոր բարքերը փորձում են չակերտավոր լուծել դրանց օրինականացման և կոնֆլիկտը ներհասարակական դաշտ մղելով»:

–00—ՅՄ