Տունս ավլել եմ, փակել, բանալիները դրել մուտքի գորգի տակ, որ մտնողը չկոտրի դուռը

18/05/2025 20:00 24-ի նախագիծ

2023թ. բռնի տեղահանումն անդառնալի հետևանքներ թողեց արցախցիների վրա. հոգեբանական ծանր շրջանին զուգահեռ անհրաժեշտ է դիմակայել ապրելու և պայքարելու մարտահրավերներին՝ լավատեսորեն նայելով գալիքին։

Արցախցի Իննա Ադամյանի հետ 24News«Մարդիկ Արցախից» հաղորդման շրջանակում զրուցել ենք արցախյան երջանիկ, բայց միևնույն ժամանակ դժվար օրերից։ Իննան փոքրիկ Արցախ է ստեղծել իր տանը՝ լուսանկարներով, իր ձեռագործ աշխատանքներով և Արցախից բերած հուշերով, ասում է՝ ուզում է իր հարազատ փողոցին նայել, նոր աշխատանքի գնալ։

«90-ականներին չէինք մտածում, որ կարող է լքենք մեր տունը, դժվար էր, բայց այն ժամանակ շատ միախմբված էինք։ Պահի տակ մտածում եմ, որ կարող է մեր սխալները շատ էին, որպեսզի Արցախում ապրեինք։ Հրաժեշտից առաջ տան եղածով թխվածք եմ թխել, ամենալավ բաժակներով թեյ դրել, խնդրել՝ վերջինը ես դուրս գամ տնից»,-պատմում է Իննան ու ժպտում՝ նշելով, որ չի ուզում տխուր պատմել արցախյան օրերից և հավելում. «Աստված մեզ այնքան ցավ և այնքան մեծ ուժ է տվել, որ պիտի ապրենք ու հաղթահարենք»։

Պայքարի, ապրելու և Արցախի հանդեպ անսահման մեծ սիրո մասին առավել մանրամասն՝ 24News-ի տեսանյութում։

Մարիաննա Բաղունց