Ի՞նչ են կերակրում կարդինալներին Հռոմի նոր պապ ընտրելու ընթացքում․ կոնկլավի մեծ գաղտնիքը․ BBC

Ավելի քան 750 տարի Հռոմի պապին ընտրելու նպատակով հավաքված կարդինալների ճաշացանկը կարգավորվել է խիստ կանոններով։ Օրինակ՝ ռավիոլին, անձեռոցիկները և հավը դարեր շարունակ արգելվել են դնել սեղանին․ դրանք կարող են օգտագործվել գաղտնի հաղորդագրություն փոխանցելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն։

Անցյալ շաբաթ՝ Հռոմում զբոսնելիս, բավականին սովորական էր ռեստորանում կարդինալ տեսնելը։ Այս շրջանում նրանք շտապում են վայելել իրենց սիրելի կերակուրը, և դա զարմանալի չէ. մայիսի 7-ից Սիքստինյան կապելլայում 135 կարդինալներ կառանձնանան մնացած աշխարհից: Քանի դեռ գաղտնի քվեարկությամբ չի որոշել, թե ով է լինելու Հռոմի նոր պապը, կարդինալները կմնան խիստ մեկուսացման մեջ։

Պապական կոնկլավներն ավանդաբար հայտնի են իրենց գաղտնիությամբ: Կարդինալները պահվում են մեկ սենյակում՝ առանց արտաքին աշխարհի հետ կապի։ Միակ ազդանշանը, որը թույլատրվում է, ծուխն է. սպիտակը նշանակում է, որ Պապն ընտրվել է, սևը՝ անհրաժեշտ է կրկնաքվեարկություն։ Թե կոնկրետ ինչ է տեղի ունենում կոնկլավի ներսում, անհայտ է, բայց մի բան պարզ է. կարդինալները պետք է սնվեն այն օրերի կամ շաբաթների ընթացքում, երբ շարունակվում է 1,4 միլիարդ կաթոլիկ ունեցող Հռոմի եկեղեցու նոր գերագույն պոնտիֆիկոս ընտրելու գործընթացը։

Գաղտնիության կանոնների մի ամբողջ շարք, որոնք ուժի մեջ են մինչ օրս, սկսվել են 1274 թվականից և սահմանվել են Հռոմի պապ Գրիգոր X-ի կողմից: Նրա ընտրության ընթացքը տևել է գրեթե երեք տարի՝ 1268-ից մինչև 1271 թվականը: Դա պատմության մեջ ամենաերկար պապական ընտրությունն էր:

Առաջիկա կոնկլավի ընթացքում, որը կսկսվի մայիսի 7-ին, կարդինալները, ինչպես միշտ, կբնակվեն Սուրբ Պետրոսի տաճարին կից գտնվող Casa Santa Marta-ում: Կարդինալների համար միանձնուհիները սնունդ կպատրաստեն։

 

–00—ԱՊ