Զեղծարարության զոհ դարձած քաղաքացիներ, կեղծ բանկային գործարքներ․ քննարկում 24TV-ում
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Քաղաքացիներից մի քանի միլիոն դրամի գումարներ են շորթվել, 286 դիմում կա, վարկը ստացել է հանցավորը, իսկ պարտականությունը քաղաքացու վրա է դրվել։ Բանկերն ամեն ինչ բարդում են քաղաքացու վրա, ասում են՝ դուք եք վերցրել, դուք էլ մուծեք, բայց այս դեպքում քաղաքացու և բանկի միջև ուղիղ իրավահարաբերություն չի կարող ծագել։ 24TV-ի եթերում «Զեղծարարության զոհ դարձած քաղաքացիներ, կեղծ բանկային գործարքներ» թեմայով քննարկման ժամանակ նշեցին փաստաբան Գագիկ Մելիքյանը և «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագոզյանը։
Կարագոզյանի խոսքով, քաղաքացու անձնական տվյալները պաշտպանված չեն, այս առումով մեծ գործ ունի անելու Կենտրոնական բանկը։
«Կասկած կա, որ բանկերը ունեն շահագրգռվածություն, օժանդակում են հանցագործությունների կայացմանը, կասկածելի է, որ րոպեների ընթացքում հաստատվում են խոշոր գումարով վարկեր։ Կենտրոնական բանկը էշի ականջում քնած է, իր պարտավորությունների տիրույթում չի գործում, բանկը քաղաքացու իրավունքը չպետք է խախտի և վերջին շապիկը հանի հագից։ Հատկանշական է, որ բանկը երբ դիմում է դատարան, ամբողջ նյութերը չի ներկայացնում, նենգափոխում է իրավիճակը՝ օրենքը խախտելով»,- հավելեց նա։
Գագիկ Մելիքյանը, դիմելով տուժած քաղաքացիներին, կոչ արեց բանկի կողմից առաջարկվող համաձայնությունը չստորագրել, նշելով, որ այդ կերպ նոր պարտավորություններ են ստանձնելու։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ԱՊ